Լրահոս
Օրվա լրահոսը

«Տակդիր չունենալու պատճառով, երեխային փաթաթել են պլյոնկայով, այսինքն` խաշել են». Վարուժան Սեդրակյան

Հուլիս 03,2013 15:28

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի համաֆինանսավորմամբ և Սեյվ դը չիլդրեն կազմակերպության կողմից իրականացված «Միավորվենք հանուն երեխաների` փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում` երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում կատարված մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ այս հաստատություններում առկա են մի շարք խնդիրներ` երեխաների առողջական խնդիրների բուժման բացակայության կամ մասնակի բուժօգնությունից մինչև հիգիենիկ, անմխիթար պայմաններ, որի մասին այսօր Անի հյուրանոցի Անի սրահում 2012 թվականին իրականացված մշտադիտարկման ամփոփ հաշվետվության ներկայացման ընթացքում բարձրաձայնեցին մշտադիտարկում անցկացրած հասարակական դիտորդների խմբի անդամները:

Մշտադիտարկման խմբի խորհրդի անդամ Սիլվա Մամիկոնյանի խոսքով` բոլոր հաստատություններն իրենց տիպով, հաստատությունների մեծ մասն իրենց կենցաղային և շենքային պայմաններով չեն համապատասխանում երեխաների զարգացման համար անհրաժեշտ պահանջներին: «Ննջասենյակների` գիշերող երեխաների համար նախատեսված մահճակալների քանակը չի համապատասխանում օրենքով նախատեսված չափորոշիչներին, որոշ հաստատություններում երեխաների հետ միասին բնակվում են հաստատության հետ կապ չունեցող մարդիկ, բացառված չեն երեխաների` չարտոնված բացակայությունները հաստատության տարածքից, քանի որ բոլոր հաստատությունները չէ, որ ունեն երեխաների ապահովության համար ցանկապատ»,-նշեց Մամիկոնյանը:

Այդ հաստատություններում գտնվող երեխաների առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ Վարուժան Սեդրակյանի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ. «Այլընտրանքային խնամքի հաստատությունների սաների համար առնվազն տարին մեկ անգամ չեն իրականացվում համակողմանի բուժզննումներ, որն ամրագրված է օրենքով: Կան հաստատություններ, որտեղ բացակայում են մեկուսարաններն ու ատամնաբուժարանները, Աստված չանի, ինչ-որ վարակ տարածվի, ապա համապատասխան միջոց չունեն կանխելու: Մի շարք հաստատություններում նկատվել են ժամկետանց դեղեր, որոնք սպառնալիք են երեխաների համար: Մանկատան դեպք ենք ունեցել, երբ տակդիր չունենալու պատճառով, երեխային փաթաթել են պլյոնկայով, այսինքն` խաշել են, որը հիմնականում նման հաստատություններում պատճառաբանվում է ֆինանսների բացակայությամբ»,-ընդգծեց Սեդրակյանը:

Այսպիսով, քննարկման ընթացքում մասնակիցները կարևորեցին երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքը, ընդգծելով, որ դրա իրացման հնարավոր այլընտրանքների խնդիրը պահանջում է հրատապ լուծումներ և պետությունը վաղ թե ուշ գնալու է, այս համակարգային փոփոխությանը՝ հաշվի առնելով այն բոլոր օրենքները, միջազգային կոնվենցիաները և փաստաթղթերը, որոնք վաղուց վավերացվել են և ընդունվել վերջինիս կողմից` ի նպատակ երեխայի իրավունքների պաշտպանության:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031