Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսեց օրենքի գերակայության մասին, իսկ Գագիկ Հարությունյանի ողջ զեկույցը վերաբերում էր իրավունքի գերակայությանը: Aravot.am-ի հարցին, ի վերջո, ինչպես տարորոշենք առաջնայնության հարցը, ասաց. «Ավելի ճիշտ կլինի ասել, որ արտգործնախարարի խոսքում շեշտվեց օրենքի գերակայություն հասկացությունը, հետո շեշտվեց, թե հստակությունը կմտցնեն, հավաքված գործընկերները: Ես իմ ելույթում այդ հարցի պատասխանը տվեցի:
Իրականում պաշտպանությունը շատ հաճախ անգլերենից, ֆրանսերենից սխալ է թարգմանվում: Խոսքը իրավունքի գերակայության մասին է, լայն ընդգրկուն հասկացություն է: Անգլերենում օրենքի գերակայություն հասկացություն գոյություն չունի: Հասկացությունների շփոթ է, գալիս է պոզիտիվ եւ բնական իրավունքի հարաբերակցության խնդիրներից: Չեմ ուզում մասնագիտական մանրամասների մեջ խորանալ: Այսպիսի խորհրդաժողովների խնդիրը հասկացուցային ապարատը ճիշտ կողմնորոշելն է, պետք է եւ մեր թարգմանիչները, եւ մեր լրագրողները, բոլորը կարողանան օգտագործել «իրավունքի գերակայություն» հասկացությունը: Երբ խոսվում է պոզիտիվ օրենքի մասին, այդ դեպքում կարելի է խոսել իրավական օրենքի գերակայության կամ առաջնահերթության մասին»:
ԱԺ սրահում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով մեր գործընկերների հարցերին, մասնավորապես, «ինչպիսին է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը եվրոպական երկրների գործընկերների գնահատմամբ», հարցին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց.«Այդպիսի գնահատականներ Եվրոպայի գործընկերները չարեցին:Եւ ճիշտ չէ:Որովհետեւ չկա այնպիսի չափանիշ, որը կգնահատի իրենց դիտարկման հարթության վրա: Օրինակներից ես բերեցի: Եվրոդատարանի նախագահն ասաց, թե Հայաստանից թերեւս ամենաքիչ դիմումներն են եղել: Ես իհարկե չեմ ընդունում, թե քիչ դիմումը ենթադրում է իրավունքների ավելի կատարյալ պաշտպանության մասին: Մենք պետք է ձգտենք, որ ավելի քիչ դիմումներն էլ ընդհանրապես չլինեն: Իսկ փաստերից մեկն այն է, որ միայն վերջին 4 տարվա ընթացքում, Սահմանադրական դատարանը 57 գործերով օրենքները ճանաչել է հակասահմանադրական, եւ այդ բոլոր նորմերը կիրառված են եղել կոնկրետ անձանց նկատմամբ: Հաճախ լրագրողները, որ չեն ցանկանում իրավական հարցերի մեջ խորանալ, այդպիսի նիստերի ժամանակ նույնիսկ, երբ մենք ճանաչում ենք հակասահմանադրական, գրեթե որեւէ մեկը չի մասնակցում, կամ արձագանք չունի, եւ դրանք կապված են ոչ թե մեկ անձի, այլ մարդկանց հետ, որովհետեւ պաշտպանվում է ոչ միայն սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ իրավունքը, դառնալով իրավունքի ասպեկտ:
Եվրոպացի գործընկերները, երբ ծանոթանում են, զարմանում են»:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ դիմումատուների գանգատների հիմնական մասն ինչին է վերաբերում, Գագիկ Հարությունյանն ասաց. «Երեկ այդ հարցը տրվել է Եվրադատարանի նախագահին: Բավական շատ են վարչական իրավախախտումների հետ կապված: Ընդ որում, այդ իրավախախտումների քրեական պատասխանատվության հարցը օրենսդրորեն մեր մոտ լուծվել է, Սահմանադրական դատարանն առաջին անգամ ընտրությունների հետ կապված իր որոշմամբ արձանագրեց, որ այդպիսի խախտումների համար չի կարելի ազատությունից զրկել: Այն հակասում է նաեւ Եվրոպական կոնվենցիային: Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց: Չնայած, դրան, արդեն մարդիկ դիմել էին խախտված իրավունքների համար ԵԴ, եւ այն շարունակվում է: ԵԴ-ում երկրորդ խումբ հարցերը պայմանավորված են սեփականության իրավունքի պաշտպանության հետ: Եթե հիշում եք, իմ կարծիքով, ՍԴ-ն բացառիկ սկզբունքային որոշումներ է կայացրել՝ կապված սեփականության օտարման վերաբերյալ: Մենք օրենքը համարեցինք հակասահմանադրական, այնուհետեւ տվեցինք այն չափորոշիչները, որի շրջանակներում պետք է լինեն օրենսդրական կարգավորումները, ցավոք սրտի, հարցը տեղափոխվել է իրավակիրառական հարթություն: Տասնյակներով մարդիկ են տուժել, ում սեփականությունը օտարվել է, համարժեք փոխհատուցումը չեն ստացել, այսօր էլ դատարանների դռներում են: Ես չեմ ցանկանում կարծիք հայտնել, որովհետեւ այն կարող է լինել օրենքով արգելված հանգամանք, քանի որ ՍԴ-ում առաջիկայում գործ է քննվելու այդ հարցի վերաբերյալ: ՍԴ-ն հետեւողական կլինի իր դիրքորոշումներում, եւ կտա անաչառ պատասխան: Պետությունը իրավունք չունի նախաձեռնել գործընթաց, հետո անտեր թողնել ինչ -որ սուբյեկտների, պետությունը ունի պոզիտիվ պարտականություն՝ պաշտպանելու, երաշխավորելու իրավունքը»: