ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն այնչափ լավատես չէ, որ աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ ակնկալի
– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանին այդքան վրդովեցրեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը, որում խոսվում էր պետական բյուջեի գումարների մոտ 70 տոկոսի չարաշահումների մասին, այն պարագայում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանն ինքն էր հրապարակավ հանձնարարականներ տալիս եւ հորդորում՝ «գլխից բռնել»:
– Եթե նկատեցիք ամբողջ այդ բեմադրության ընթացքից, Սերժ Սարգսյանն անընդհատ իր «ես»-ի մասին էր խոսում, իր կարծիքն էր հայտնում՝ մարդկանց, օրենքների, մարդկանց գործելակերպի իր պատկերացումները, թե՝ ո՞նց պիտի լինի եւ այլն: Այսինքն՝ այդ մարդը մտածում է, որ այս երկրում ամեն ինչ պիտի լինի ըստ իրեն: Իսկ Վերահսկիչ պալատի այդ չարաբաստիկ հաշվետվությունը, փաստորեն, ստացվեց, որ իր կամքով չի եղել եւ իր հետ համաձայնեցված չի եղել: Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ զայրույթ էր առաջացրել: Որովհետեւ մի բան է, որ եթե ինքն իր գրած սցենարով սկսում է թուր ճոճել, կարգուկանոն պահանջել, «գլխից բռնել»… Այսինքն՝ այդտեղ ինքն է դրական կերպարը եւ գլխավոր հերոսի դերում է: Իսկ երբ ուրիշներն են նման բացահայտումներ անում, ինքն արդեն ընդամենը թալանչիների պարագլուխ է:
Իր կամքին հակառակ բան է տեղի ունեցել: Ես դրանում եմ գտնում բացատրությունը:
Կարդացեք նաև
– Կարծում եք՝ այդ չարաշահումների մասին զեկույցը կազմելիս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը փորձել էր պարզապես օգտագործե՞լ դե յուրե անկախ իր կարգավիճակը, թե՞, այնուհանդերձ, միտում կար:
– Իշխան Զաքարյանը, որքան ես հիշում եմ, դեռ կոմսոմոլի դպրոցն անցած է, ուրեմն շատ լավ գիտի իր ինքնուրույնության աստիճանը: Կարծում եմ՝ այստեղ ուրիշ բան է աշխատել: Փորձ է արվել շատ դրական ձեւով ներկայացնել իր կատարած աշխատանքը՝ որպես տիտանական եւ հերոսական:
– Ինչո՞ւ է նախագահ Սարգսյանն այդպես համառորեն փորձում իր «թեւի տակ» առնել վարչապետ Սարգսյանին, մանավանդ՝ Վերահսկիչ պալատի չարաշահումների փաստերին գումարվեց նաեւ օֆշորային սկանդալը:
– Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ի դեմս Սերժ Սարգսյանի, որին չեմ ուզում նախագահ անվանել՝ հայտնի պատճառներով, մենք ունենք բավականին միջակ եւ բավականին ցածր գիտելիքների տիրապետող մի անձնավորության, որի համար երեւի Տիգրան Սարգսյանը ոտքերն ամպերում մի պրոֆեսիոնալ է իրենից ներկայացնում ու իր համար ինչ-որ տեղ երեւի փրկօղակ է հանդիսանում:
Իսկ օֆշորի պատմությունը մեզ՝ Հայաստանի շարքային քաղաքացիներիս համար է արտառոց եւ անընդունելի: Այն ալան-թալանի մթնոլորտը, որը տիրում է իշխանական վերնախավում, դրա համար որեւէ արտառոց բան չկա: Եվ հաշվի պետք է առնենք, որ դա իրենց համար ոչ թե պետական խնդիր է, այլ անձնական: Ամեն մեկն իր համար հարստություն է դիզում, այս դեպքում էլ վարչապետն է իր համար հարստություն դիզել: Կարծում եմ՝ այդ հանցախմբի մեջ դա ոչ արտառոց, ոչ էլ պախարակելի երեւույթ է:
– Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ «օֆշորային գործով» ՀՀ դատախազության միջնորդությունը երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազին: Վերջինս ասել էր, որ կուսումնասիրեն այդ գործերը: Մինչ այդ նախաքննական մարմինը նաեւ երկու անգամ միջնորդություն է ներկայացրել Կիպրոսի դատախազությանը՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Սա՞ ինչպես հասկանալ:
– Դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ մենք դեռ չգիտենք, թե Կիպրոսի դատախազն ինչ կպատասխանի եւ այդ պատասխանը մեզ ոնց կմատուցվի: Չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն: Դա ընդամենը պրոցեդուրա է. խնդրել են, որպեսզի կոլեգան իր կարծիքը հայտնի: Այդ կարծիքը մեզ չեն հայտնելու, հայտնելու են Աղվանին, ով նույն հանցախմբի անդամներից մեկն է:
– Այս ընթացքում տարբեր վերլուծություններ եղան, որ իշխանական այս ճգնաժամն արդեն աշնանը հավանաբար կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության: Դուք այդ սցենարն իրատեսական համարո՞ւմ եք:
– Ես չափազանց լավատեսական եմ համարում:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ