Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ հասցես ասեցի, ասեց՝ վույ, որ գամ, կարո՞ղ ա ինձի սպանեն»

Հուլիս 03,2013 14:45

Ասում է Պռոշյան գյուղի բնակչուհին

Երեկ Պռոշյան գյուղում մոմավառություն էր կազմակերպվել՝ ի հիշատակ սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան երեք ամիսը լրանալու: Գյուղը եւ գյուղացիները դեռ չեն կարողացել թոթափել օրը ցերեկով իր աշխատավայրի դիմաց սպանված գյուղապետի մահից առաջացած ցավը, հարվածի ուժգնությունը եւ սպանությանը հաջորդած վախը: Մարդիկ չէին ցանկանում խոսել տեսախցիկի առջեւ, չէին ցանկանում ասել, թե ինչ սպասելիքներ ունեն տասն օր անց կայանալիք գյուղապետի ընտրությունից: Անգամ առանց տեսախցիկի՝ շատերը չէին խոսում:

«Մեր գյուղ հիմա ոչ մեկ ոչ աղջիկ է ուզում տա, ոչ աղջիկ տանի»,- ասաց փոքր գյուղական խանութի աշխատակցուհին, որն այդպես էլ չներկայացավ: «Էն օրը գնացել էի գարդիրոբ առնեմ, որ ասի՝ կբերեք Պռոշյան, էդ մարդն ասավ՝ վո՜ւյ, կարո՞ղ ա գամ՝ ինձի էլ սպանեն»,- շարունակեց իր խոսքը վաճառողուհին: Նրա հետ կանգնած մյուս տիկինը, որը ներկայացավ որպես Օֆիկ՝ բուժքույր, ասաց, որ այսօրվա դրությամբ Պռոշյանում շատ քչերին է հետաքրքրում գյուղապետի ընտրությունը, բոլորին մի բան է միայն հուզում՝ Հրաչ Մուրադյանի սպանության արդար դատաքննությունը եւ բոլոր մեղավորների արդարացի պատիժը: «Ինքը արդար մարդ էր, հարգված գյուղապետ էր, լավ մարդ էր, չորս երեխու հայր, ամենակարեւորը, որ կռված ազատամարտիկ էր: Մեր բոլորիս համար էլ էդ սպանությունը մեծ ցավ էր, չենք կարողանում մոռանալ, մոռանալու բան չի… ժողովուրդը բոլորն էլ ասում են՝ մինչեւ չլուծվի էս հարցը, մեզ համար կարեւոր չի՝ ով կդառնա: Կարեւորը՝ նորմալ մարդ լինի, կուսակցությունը կարեւոր չի»:

Գյուղացիների համար մինչեւ հիմա մութ է մնացել այդ սահմռկեցուցիչ սպանության պատճառը: «Պատճառը որ իմանայինք, աղջիկ ջան, մեկը ես՝ անձամբ, իմ էս ձեռքով էդ սպանողին, էդ պատճառ դարձողին կսպանեի, հետո կգնայի կդատվեի»,- շարունակում է բուժքույր Օֆիկը եւ հետո ցավով ասում՝ «է~, երեւի պատճառն էն էր, որ սխալ էր արել, որ ամբողջ կյանքում աշխատել էր Պռոշյանի համար, տղերքի հիշատակը վառ պահելու համար, ժողովրդին ինչով կարող էր՝ օգտակար լինելու համար»:

Զրույցին միացած, բայց կրկին անունը թաքցրած շինարար տղամարդն էլ համոզմունք հայտնեց, որ Հրաչ Մուրադյանի սպանության հետեւում կանգնած են այն ուժերը, որոնք ծրագրված ոչնչացնում են ազգի եւ հայրենիքի համար կռված, հերոսացած մարդկանց, որպեսզի այս երկրում մնան միայն կաշառակերները եւ ազգը ծախողները:

Տիկին Օֆիկը հորդորեց անպայման գրել Պռոշյան գյուղի ողջ ազգաբնակչության պահանջը՝ «ժողովուրդը միաբերան պահանջում է, որ մեր կռված, մեր ազնիվ տղու, մեր գյուղապետի սպանությունը բացահայտվի: Մեզ ուրիշ բան չի հետաքրքրում»:

Ավելի ուշ էլ գյուղի այլ տարածքներում առանց ձայնագրիչի մարդկանց հետ զրույցներում բոլորի շուրթերին միայն այդ պահանջն էր՝ սպանության բացահայտում եւ օրենքի ողջ խստությամբ պատիժ՝ մեղավորների համար: «Ամեն օր սրտներս դող կա՝ Աստված, տեսնես՝ էսօր բան չի՞ պատահի,- ասաց պռոշյանցի մի երիտասարդ կին,- վախենում ենք երեխաներին դուրս թողնենք, չգիտենք՝ ինչ կարող է պատահի»:  Մեր հորդորին՝ մի անհանգստացեք, ոչինչ էլ չի պատահի, կինը հակադարձեց՝ ապրիլի 2-ին էլ էինք մտածում, թե ոչինչ չի պատահի, բայց տեսա՞ք՝ օրը ցերեկով մեր լավ գյուղապետին ինչ արեցին…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031