Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վեզիրովի դաչա»-ից մինչեւ Աղդամի հայտնի «գաղութը»

Հուլիս 03,2013 14:39

Vezirov Vezirov-2Արցախ այցելող զբոսաշրջիկին Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհահատվածը հետաքրքիր պատմություններ է մատուցում

Ստեփանակերտից Մարտակերտ գնալու ճանապարհին մի շինություն կա, որն անպայման գրավում է անցորդների ուշադրությունը: «Վեզիրովի դաչան է»,- հարցական հայացքդ որսալով՝ պատասխանում են քեզ ուղեկցող արցախցիները: Ամրոց հիշեցնող շինության, համենայնդեպս, արտաքին տեսքը, արցախյան պատերազմի հետեւանքով գրեթե չի վնասվել:

Խորհրդային Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովի, ապա Ալիեւների տիրապետության տակ անցած երբեմնի կառավարական ամառանոցը գտնվում է Աղդամի տարածքում՝ Աղդամ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Տեղաբնակների պատմելով՝ Աղդամն ինքն էլ ադրբեջանցի մեծահարուստների ամառանոց-քաղաք է հանդիսացել: Սակայն այսօր երբեմնի Աղդամից ոչինչ չի մնացել, թփուտների միջից երեւացող հատուկենտ տների փլատակներից կարելի է կռահել, որ ժամանակին այստեղ բնակավայր է եղել: Եթե մոտ ապագայում այն չբնակեցվի, իր անվանը համահունչ բնակավայր էլ կմնա. Աղդամը, որը 2010-ին ԼՂՀ իշխանությունները վերանվանել են Ակնա, ադրբեջաներեն նշանակում է անբնակ քաղաք դաշտային Արցախում: Այս ճանապարհի ձախ կողմում՝ մոտ երկու կիլոմետր երկարությամբ էլ Աղդամի հայտնի կալանավայրերի ավերակներն են: Պատմում են, որ «Աղդամի գաղութը» հանցագործ աշխարհին «գողականներ» մատակարարող կառույցներից մեկն է եղել: Այստեղ, ադրբեջանցիներից եւ փոքրաթիվ հայերից բացի, իրենց պատիժն են կրել հիմնականում այլ ազգերի ներկայացուցիչներ: Ադրբեջանի իշխանությունների ջանքերով կալանավորների ընտանիքները տարիների ընթացքում նույնպես տեղափոխվել են Աղդամ եւ նրան հարակից շրջաններ՝ բնակվելու: Տեղաբնակների խոսքերով՝ Ադրբեջանը մտածված է այդպիսի քաղաքականություն վարել:

«Խորհրդային իշխանությունների օրոք Աղդամը ամենակրիմինալ քաղաքն է համարվել»,- ասում է մեր զրուցակիցը: Ասում են՝ Աղդամի հայտնի շուկայում «օձի ձու» էլ ճարվել է: Զենքի առուվաճառքով այդ շուկան նույնպես հայտնի է եղել:

Ղարաբաղի բնակիչները ապրանք գնելու կամ վաճառելու համար նույնպես այս շուկայից են օգտվել:

Վարչատարածքային բաժանմամբ այժմ Աղդամը գտնվում է Ասկերանի շրջանում:

Ներկայումս այնտեղ, ճիշտ է, մի քանի տասնյակ ընտանիքներ են ապրում, բայց ո՛չ հոսանք ունեն, ո՛չ ջուր, ո՛չ էլ գազ: Տեղաբնակները պատմում են, որ պատերազմի զինադադարից հետո շրջակա տարածքների բնակիչները քաղաքի ստորգետնյա հատվածը նույնպես «մաղել» են. հանել են հոսանքալարերը, ջրի խողովակները, հեռախոսագծերը, այսինքն՝ այն ամենը, ինչ գունավոր ու թանկարժեք մետաղներ է պարունակել ու պիտանի է եղել վաճառելու: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աղդամից ռմբակոծվել են շրջակա հայկական բնակավայրերը, այդ թվում եւ Ստեփանակերտը: Այն Աղդամից ընդամենը 30 կիլոմետր է հեռու, ուստի, ինչպես արցախցիներն են պատմում, Շուշիի ազատագրումից հետո էլ անգամ Ստեփանակերտի համար Աղդամը շարունակել է սպառնալիք մնալ: Այն հայկական վերահսկողության տակ է անցել 1993 թվականի հուլիսին: Այս ճանապարհի աջ ու ձախ կողմերով ձգվող դաշտերում զենքի մնացորդներ էլ կան: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղաբնակները խորհուրդ չեն տալիս Աղդամի տարածքում շրջել, այդտեղ դեռեւս ականապատված տարածքներ շատ կան, որոնք ժամանակ առ ժամանակ քաղաքացիների դժբախտ դեպքերի պատճառ են դառնում: Ներկայումս Աղդամից ոչ շատ հեռու պեղվում են Տիգրանակերտ քաղաքի ավերակները:

Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհահատվածին Արցախի պատմության մեկ այլ դրվագ էլ Նոր Մատաղիսի հսկայական կամուրջն է, որը, սակայն, կիսով չափ է կանգուն: Երբ ադրբեջանական ուժերը 1992-ին գրավել են Մարտակերտը, հայերը կամուրջը պայթեցրել են՝ ժամանակավորապես կանխելու ադրբեջանցիների առաջխաղացումը: Կամրջի անհրաժեշտությունն այլեւս չկա. արդեն 20 տարուց ավելի է՝ կամրջի տակով երբեմնի հոսող վարար գետը ցամաքած է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031