Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի հետո հայցը մերժվեց

Հուլիս 03,2013 14:34

Վարչական դատարանը մերժեց Վազգեն  Ղազարյանի՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին 2012 թվականի օգոստոսի 6-ի թիվ Մ-161/12-Փ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին  հայցը:

Գրեթե մեկ տարի տեւեց դատաքննությունը, ինչի  արդյունքում՝ դատարանն անհիմն համարեց Վազգենի ներկայացրած բազմաթիվ ապացույցները: Դատարանը հաշվի չառավ, որ Վազգենի փախստական լինելու հանգամանքը հաստատվել է դեռեւս Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելու ժամանակ՝ 1988 թվականին: Ինչպե՞ս կարող է անձը լինել փախստական եւ որից հետո փաստեր ներկայացնեն, թե նա փախստական չէ: Փախստական ճանաչելու, հաստատելու, կարգավիճակ տալու եւ գրանցելու համար գոյություն ունի կոնվենցիա, որտեղ հստակ ձեւակերպված է, թե ովքեր են հանդիսանում փախստականներ կամ ապաստան ստացածներ եւ որ պարագայում կարելի է դադարեցնել փախստականի կարգավիճակը:

Դատական քննություններում անգամ հաշվի չի առնվել կոնվենցիան, որը Հայաստանի օրենսդրությունից ավելի հզոր ազդեցություն ունի: Մի՞թե բոլոր երկրներում են փախստականի կարգավիճակը դադարեցնելիս ուշադրություն դարձնում միայն սեփական երկրի օրենքներին եւ անտեսում կոնվենցիան: Որտե՞ղ է ՄԱԿ-ի աջակցությունն  այս պարագայում, որ իր հերթին դեռեւս 7 տարի առաջ թռուցիկներ  էր բաժանում փախստականներին եւ տեղեկացնում, թե անհանգստացնելու դեպքում կարելի է դիմել նաեւ իրենց: Անտարբերությունն այնքան է ընդլայնվել, որ Հայաստանում ոչ մի պետական հիմնարկ չի զբաղվում փախստականներին աջակցելու, իսկապես եւ ի սրտե հասկանալու նրանց խնդիրները: Դեռ հնարավոր դեպքում էլ Միգրացիոն պետական ծառայությունը ցույց տալով, որ Հայաստանում պարտավորվում է ապահովել միգրանտների հարցերով, նա է նպաստում, որպեսզի փախստականների վիճակն էլ ավելի բարդանա: Դրա ապացույցը հենց փախստական Վազգենն է եւ բոլոր նրանք, որոնց «Առավոտն» անդրադարձել է տարբեր համարներում: Վազգենն իր հերթին կորցրել է վստահությունը սեփական երկրի նկատմամբ եւ չի ցանկանում դիմել անգամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որպեսզի այդտեղ վերականգնի իրար հակասող որոշման արդյունքում ոտնահարված իրավունքները: Դժվարին այս պայմաններում՝ չկարողանալով հոգալ օրվա ծանր ապրուստը, չկարողանալով զգալ մարդ կոչվելու իր լիարժեք իրավունքը՝ Վազգենը ոչ միայն չի ցանկանում բողոքարկել վարչական դատարանի վճիռը, այլեւ ցանկանում է իր ապրելու կերպը գտնել Հայաստանից դուրս: Այսպիսով, ի՞նչ է ստեղծվում: Պետությունը նպաստում է, որպեսզի անհատը, քաղաքացին մինչեւ վերջ իրեն արհամարհված զգա իրավունքների հարցում, անապահով՝ աշխատանքի հարցում եւ թողնի այս երկիրը, հեռանա ու արդարություն փնտրի օտարի հողի վրա: «Խնդիրն այստեղ ոչ այնքան փախստական կամ ՀՀ քաղաքացի լինելու հարցն է, այլ՝ վերաբերմունք չկա, կա միայն պարտադրանք: Օրենք չկա կամ կա, սակայն ոչ ինձ ու ինձ  պես հասարակ մարդկանց համար: Այն պարզ վիճակը, որ ես փախստական եմ եւ բռնագաղթված անձ եմ, ապա դա անհերքելի է եւ  հազար դատարան ու հազար միգրացիա թեկուզ փաստեն, որ այդպես չէ, ապա ես չեմ դադարի լինել փախստական: Իմ կորուստն իրենք չեն ապրել: Դա ոչ  ոք չի հասկանա, քանի դեռ չի բռնագաղթվել եւ չի կորցրել ոչինչ: Որքան ժամանակ էլ անցնի՝ միեւնույն է՝ սպի է մնացել եւ դա միշտ էլ թարմ վիճակում է: Ցավում եմ, որ վերաբերմունքի եղածն ինչ է, դա էլ  չկա»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Վազգեն Ղազարյանը:

Վազգենը որոշակի հույս էր կապել, որ դատարանը կկանգնի իրեն ջատագով եւ կպաշտպանի իրավունքները, քանի որ յուրաքանչյուր պետության խնդիրն է առաջնահերթ պաշտպանել մարդու իրավունքները, սակայն վճիռն ամեն բան այլ է փաստում: Այն, որ Վազգենն այս պահին անհարմար դրության մեջ է, ապա դրա համար գոյություն ունեն մեղավորներ, որոնք նպաստում են նրա վիճակի ոչ թե լավանալուն, այլ վատթարանալուն:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031