Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երաժշտության «այբուբենը» սկսել՝ միայն անվանիի ղեկավարությամբ

Հուլիս 03,2013 14:30

Խորհրդային տարիներին մանկապատանեկան կրթական ձեռքբերումները, մասնավորապես՝ երաժշտական, պարտադիր արժանանում էին դրվատանքի՝ գովասանագրերի, դիպլոմների կամ էլ պիոներական ճամբարների («Արտեկ», «Օրլյոնոկ») ուղեգրերի: Հայ պատանիներն էլ էին մասնակցում  արտերկրյա միջազգային փառատոների, հիմնականում սոցերկրներում, իհարկե՝ Մոսկվայում «դաբրո» ստանալուց հետո: Նոր ժամանակներում, շնորհիվ Հայաստանում գործող   տարբեր կազմակերպությունների ու փառատոների, այդ թվում՝ «Նոր անուններ» հ/կ (տնօրեն՝ Սիլվա Մեքինյան), Վ. Սպիվակովի ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի (տնօրեն՝ Ելենա Սմբատյան), «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնի (հիմնադիրներ՝ Մարիամ Շահինյան, Գարիկ Նազարյան), ոչ  միայն հայ պատանիները մասնակցում են արտերկրում  անցկացվող տարբեր մրցույթների, նույնիսկ ունենում են մենահամերգներ: Իսկ հայաստանյան կազմակերպությունների, ինչպես նաեւ նվագախմբերի շնորհիվ մենք ծանոթանում ենք արտերկրից ժամանած ոչ միայն շնորհալի երաժիշտների, այլեւ վունդերկինդների: Օրինակ՝ հունիսի սկզբներին Երեւանում անցկացվեց «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների միջազգային երրորդ փառատոնը, որին մասնակցեցին մինչեւ 18 տարեկան 40 շնորհալի երաժիշտներ՝ շուրջ 10 երկրից: Փակման  համերգի ժամանակ էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ընտրյալ 8 պատանի երաժիշտներ ելույթ ունեցան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի  (ՀՊՖՆ) ընկերակցությամբ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի  ղեկավարությամբ: Հենց այս համերգին հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու մենակատարների, օրինակ՝ երգեհոնահար, մանդոլինահար եւ այլն, որոնց հազվադեպ ենք հանդիպում հայաստանյան երաժշտական կյանքում:

Օրերս էլ ՀՊՖՆ-ի հրավերով, դարձյալ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, իբրեւ մենակատար հանդես եկավ գերմանացի 13-ամյա ջութակահար Լարա Բոշկորը (լուսանկարում): Դիրիժորն «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, թե այս պարմանուհին հրաշամանուկ է, փաստելով, որ Լարան  այս տարի մասնակցելով Հենրիկ Շերինգի եւ Կարլ Պլեշի անվան միջազգային մրցույթներին եւ լինելով  ամենակրտսեր մասնակիցը, հաղթող է ճանաչվել: «Հետաքրքիր մի փաստ. աղջնակը ջութակի պարապմունքները սկսել է 4 տարեկանից, 8-ում արդեն  շարունակել է ուսումը Քյոլնի համալսարանում, հիմա էլ կատարելագործվում է Դեթմոլդի երաժշտական համալսարանում՝ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի ղեկավարությամբ, որն աշակերտել է աշխարհահռչակ Րիսինին: Ընդ որում, Սերգեյ Խաչատրյանն ու Կամեդան Րիսինի նշանավոր սաներն են»,- հայտնեց Արզումանյանը:

Երեւանում կայացած համերգին Լարայի մեկնաբանությամբ հնչեցին Մոցարտի ջութակի եւ նվագախմբի 3-րդ կոնցերտը եւ Սարասատեի «Կարմեն» ֆանտազիան: Ընտրված ծրագրի առիթով  Հարություն Արզումանյանը հայտնեց. «Մեզանում էլ է Մոցարտ հանձնարարվում երեխաներին: Ավստրիացի կոմպոզիտորի որոշ գործեր տեխնիկական մասով կարծես հեշտ են հաղթահարվում, մինչդեռ կայացած երաժիշտներից շատերը փաստում են, որ այդ կարծիքը  թվացյալ է, Մոցարտ կատարելն էլ՝ ահավոր բարդ: Ավելի հեշտ է տեխնիկապես խճճված ու բարդ գործեր նվագելը, քան պարզ ու հանճարեղ ստեղծագործությունները: Լարայի կատարմամբ Մոցարտի կոնցերտի մեկնաբանությունը աչքի ընկավ ոչ միայն տեխնիկական, այլեւ հասուն երաժշտին հատուկ  կատարմամբ»:

Արզումանյանի հետ զրույցում նկատեցինք, որ ջութակի հայկական դպրոցին բնորոշ է մեծանուն մանկավարժների առկայությունը, մինչդեռ 7-8-ամյա երաժշտական հաստատությունների սաները հաճախ զրկված են նման մասնագետների մոտ ուսանելուց: Դիրիժորը բուն հարցը շրջանցելով՝ ասաց. «Ընդհանրապես, եթե ուզում ես, որ երեխադ  հասնի բարձունքի, պարտադիր է, որ նա առաջին քայլերը սկսի անվանի մանկավարժի ղեկավարությամբ, այնպես, ինչպես Սերգեյ Խաչատրյանը ջութակի այբուբենին ծանոթացավ Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ճանաչված մանկավարժ Պյոտր Հայկազյանի դասարանում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031