Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբիկոնի» Իզան Հայաստանում է

Հուլիս 03,2013 14:28

«Ռուբիկոն» հեռուստահաղորդման հաղորդավարուհի Իզա Դարբինյանը` այժմ Միրզախանյան, խոստովանում է, որ այս հաղորդումն է դարձել հեռուստատեսությունում իր գործունեության հիմքը: Սակայն այսօր արդեն չի ցանկանում վերադառնալ եթեր: Երկու զավակների մայրն իրեն ամբողջովին նվիրել է ամուսնուն եւ երեխաներին: «Միայն երեխաներով եմ զբաղված: Ճիշտն ասած,  ես չեմ կարծում, թե այն մայրերը, որ կարողանում են եւ երեխա պահել, եւ աշխատել, ստացվում է՝ հաստատ երկուսից մեկը տուժում է»,- ասաց նա: Չնայած երկար տարիներ Հայաստանում չի եղել, սակայն ուրախությամբ նշում է, որ իրեն անցորդները  դեռ ճանաչում են:

Բացի «Ռուբիկոնից», Իզան ժամանակին այլ հաղորդումներ էլ է վարել, օրինակ` «Անցյալը ներկան է», սակայն, նրա խոսքով. «Ռուբիկոնն»  ուրիշ բան էր, այն ժամանակ նորություն էր, շատ երիտասարդական հաղորդումներ չկային, եւ այդ առումով էլ մեր բախտը բերեց` առաջինն էինք»:

Հաղորդավարուհին ամուսնությունից հետո այլեւս հեռուստատեսություն չի վերադարձել,  մեկնել է Իտալիա, այնուհետեւ Թաիլանդ: Իզան ուրախությամբ փաստում է, որ հասել է այն ամենին,  ինչ երազում էր. «Սիրող ամուսին ունեմ, հրաշալի  երեխաներ, հինգ հատ շուն: Մանկուց կենդանիներ սիրել եմ»:

Իզան ցանկանում է, որ Հայաստանում մարդիկ միշտ ժպտան. «Ես տանջվում եմ, որ գալիս եմ այստեղի մարդկանց տանջանքն ու աղքատությունն եմ տեսնում, Թաիլանդում էլ կան աղքատ մարդիկ, բայց ոչ այս աստիճան  սովածություն»:

Մեր զրուցակիցը հավատում է ճակատագրին, կարծում է, որ ամեն բան ի վերուստ է որոշված. «Ամեն մեկիս համար մեր ճանապարհն է  գծված: Մարդիկ իրենց գործերը պլանավորում են, Աստված վերեւից նայում, ծիծաղում է: Եվ դա իսկապես այդպես է»:

Իզան ամենահետաքրքիր երեւույթն իր կյանքում համարում է ամուսնությունը: Պատմեց, որ ամուսնու հետ ծանոթացել է «Հայլուրի» հաղորդավար  Արամ Հարությունյանի եւ «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի միջոցով: «Արմինեն ու Արմենն ինձ մի օր զանգեցին ու ասացին` արի, քեզ պետք է մեկի հետ ծանոթացնենք, Իտալիայից հայ է եկել, ու ես մտածեցի հարցազրույց պետք է վերցնեմ: «Ռուբիկոնը» նոր էր վերջացել, արագ-արագ գնացի, շատ ուշ էր` երեկոյան 11-12-ը, ու ինձ ծանոթացրեցին իմ ապագա ամուսնու հետ: Սկսեցին կատակ անել. «Մոխրոտիկը» հեքիաթի նման, մինչեւ 12-ը պետք է Էմիլին հարսնացու գտնենք, թե չէ՝  դդում կդառնա: Ու սկսեցինք կատակել, ես ինքս էլ մտա խաղի մեջ: Հաջորդ օրը  Էմիլը պետք է գնար Իտալիա, բայց մայրն առողջական խնդիրներ ունեցավ, ու մենք եւս մեկ օր ունեցանք, որ իրար տեսնենք: Մոտ երեք ամիս հետո ամուսնացանք»:

Իզան, այսօր էլ լինելով Հայաստանում, կարոտում է այն, քանի որ, նրա ձեւակերպմամբ,  հին Հայաստանը չի գտնում. «Երեւանը փոխվել է, համն ու հոտը գնացել է, չգիտեմ` ինչո՞ւ, գուցե նոր շինարարություններն են պատճառը: Էն, որ ես կարոտում եմ, էլ չկա, մարդիկ էլ են շատ փոխվել` ջղայն են, կոպիտ, գուցե կյանքի դժվարություններն են ստիպում… հին Հայաստանն եմ կարոտում: Լավ է, որ գոնե գյուղի ժողովուրդը նույնն է,  չի փոխվել»:

ՌՈՒԲԻՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031