Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԲ պրոյեկտը» ձախողել է ճանապարհաշինական պրոյեկտը

Հուլիս 03,2013 14:21

2012թ. հունիսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզ այցելության ընթացքում ծանոթացել էր Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում իրականացվող Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր-Բերդ-Նավուր-Իծաքար ավտոճանապարհի վերանորոգման ընթացքին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինտերնետային կայքը, «փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի, ավարտը նախատեսվում է աշնանը: Կվերանորոգվի ընդհանուր 43 կմ երկարությամբ ճանապարհ, որը նշված գյուղերը կկապի տարածաշրջանային կենտրոնի՝ Բերդի հետ»:

Անցել է 1 տարի, սակայն ճանապարհը շահագործման չի հանձնվել: Արծվաբերդ գյուղի տարածքում փռված ասֆալտը շարքից դուրս է եկել, եւ ներկայումս մի քանի կիլոմետր հատվածում նորից են կատարվում ասֆալտապատման աշխատանքներ: Այդ գործը իրականացնում է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն: ՍՊԸ փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանն ասաց, որ սկզբնական պայմանագրով ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր 2012թ. աշնանը, սակայն եղանակային պայմանները խանգարել են ծրագիրը ժամանակին ավարտելուն:

Ասֆալտի ծածկի քանդվելու մասին մեր հարցի վերաբերյալ ասաց, որ ճանապարհներին երթեւեկում են գերբեռնված բեռնատար մեքենաներ, ասֆալտի ծածկը նախատեսված չէ նման ճնշման համար: Նրա խոսքերով՝ իրենց հիմնարկությունն այժմ Արծվաբերդ-Նորաշենի խաչմերուկ հատվածում, ընդհանուր առմամբ 6.5 կմ հատվածում վերանորոգման աշխատանքներ է կատարում:

Մեր տեղեկություններով՝ «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ իրական տերը ԱԺ պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանն է: Բաբկեն Ավետիսյանը մեր հարցից զարմացավ, թե ո՞վ է Վոլոդյա Բադալյանը, ինքը նրան չի ճանաչում: Նա հայտնեց, որ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության տնօրենը Արմեն Գագիկի Բադալյանն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` emedia.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031