Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Կուզե՞ս քեզ ցույց տամ 20 տարի հետո ինչպիսին կլինես, բայց տանդ բանալին տաս ինձ»

Հուլիս 03,2013 14:16

Ըստ բլոգեր Տիգրան Քոչարյանի՝ հենց այդպես են մարդիկ միամտորեն իրենց տվյալները հանձնում տարբեր անհասկանալի կայքերի եւ «վիրուսակիր» դառնում

«Ֆեյսբուքի եւ սոցիալական ցանցերի վտանգների մասին այսօր խոսեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ բլոգեր Տիգրան Քոչարյանը: Նրանք մեկ անգամ եւս հիշեցրեցին, որ համացանցը բաց տարածք է, եւ եթե դու այդ բաց տարածքում ազատ տարածում ես քո մասին որեւէ տեղեկատվություն, չպետք է զարմանաս, եթե մի օր դա քո դեմ դուրս գա:

Տիգրան Քոչարյանը ասաց, որ հաճախ է տեսնում, թե ինչպես են տարբեր պաշտոնյաներ սրճարաններում wi-fi-ով մտնում սոցցանց, առանց մտահոգվելու, որ այդպես իրենք իրենց տվյալները հերթական օղակին են փոխանցում, մասնավորապես՝ տվյալ սրճարանի անլար կապ ապահովող «ռոութերին»: Խոսելով սոցցանցերի միջոցով ծանոթություններ հաստատելու արդյուքնում պետական գաղտնիքներ հայտնելու վտանգների մասին, նա ասաց, որ կողմ է այն բանին, որ ՊՆ-ի եւ ուժային այլ կառույցների կարեւոր պաշտոնյաները, որոնք պետական գաղտնիքների են տիրապետում, լուրջ վերահսկողության տակ լինեն՝ «կամ պետք է արգելել նրանց համացանց մտնել, կամ վերահսկել՝ ուրիշ տարբերակ չկա»: Եվ այս պարագայում խոսքի ազատության կամ անձնական կյանքի գաղտնիության մասին խոսակցությունները նա համարում է անտեղի. «Մասնագիտություններ կան, որոնք, եթե ընտրում ես, պետք է դրա պատասխանատվությունը գիտակցես, ոչ ոք քեզ չի խնդրում գնալ եւ աշխատել մի հիմնարկում, որտեղ պետական գաղտնիքներ կան, սակայն եթե դու ընտրում ես այդ աշխատանքը, պետք է իմանաս, որ վերահսկողության տակ ես լինելու, եւ դա բնական է»:

Ինչ վերաբերվում է գաղտնիքներին, ապա, ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի, ներկայիս պայմաններում այնքան էլ հեշտ չէ տարբերակել գաղտնիքը ոչ գաղտնիքից. «Հայաստանը անընդհատ հերքում էր, որ S 300 ունի, բայց ամբողջ համացանցը գիտեր, որ ոչ միայն ունենք, այլեւ որտեղ են դրանք տեղակայված, որովհետեւ Google maps-ի վրա շատ պարզ երեւում էր: Գաղտնիքների հարցը այս արագ փոփոխվող իրականության մեջ մի քիչ բարդ է»:

Տիգրան Քոչարյանն էլ ասաց, որ, եթե, օրինակ, որեւէ զինվոր ՖԲ բաց տարածքում գրի, որ այսինչ զորամասում, որտեղ դու ծառայում ես, բարոյալքված վիճակ է, հրամանատարը լավը չի, թշնամին կարող է պատկերացում կազմել, թե որոնք են թույլ տեղերը, որտեղ զինվորները շահագրգռված չեն դիրքերը պահելու եւ համապատասխան հետեւություն անել:

Ըստ Տ. Քոչարյանի՝ գրանցվելով համացանցում, արդեն ձեր «ես»-ի մի մասնիկը նվիրում եք համացանցին, կամ դառնալով բջջային որեւէ օպերատորի հաճախորդ, քո մասնիկը տալիս ես այդ ցանցին, որովհետեւ երբեք չես կարող իմանալ, թե տվյալ օպերատորը կամ սոցցանցը, կամ կայքը որքանով է բարեխիղճ եւ որքանով ես դու եւ քո տվյալների բազան պաշտպանված: Իսկ այն սերվիսները, որոնք առաջարկում են կոնկրետ ծառայություններ, որոնք տվյալ սոցցանցը չի տալիս, շատ ավելի կասկածելի են: Օրինակ, եթե ՖԲ-ը չի տալիս հնարավորություն՝ տեսնել, թե ո՞վ է այցելել քո էջ, փորձելով որեւէ այլ ծառայության միջոցով դա իմանալ՝ դու պարզապես նվիրում ես քո գաղտնաբառը այդ ցանցին: «Դա նույնն է, որ մեկը գա քո տուն եւ ասի՝ ուզում ես ցույց տամ, թե ինչ տեսք կունենաս քսան տարի հետո, բայց քո տան բանալին տուր ինձ»,- համեմատեց բլոգերը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031