Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական պրակտիկայի արդիականացումը գերխնդիր է

Հուլիս 03,2013 14:14

Հուլիսի 1-ից Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ «Անընդհատ պրակտիկայի արդիականացումը եւ կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով: «Բարձրագույն կրթության բնագավառում պրակտիկայի  կազմակերպումը  շարունակում է մնալ որպես կրթական համակարգի «աքիլլեսյան գարշապար», – միջոցառման բացմանը նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  Նա հույս  է հայտնել, որ մանկավարժական կրթության բնագավառում պրակտիկայի նոր մոդելի մշակումն ու ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի որակը. «Ի դեպ,  մանկավարժական համալսարանը վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն ցուցաբերում է միջազգայնացման եւ արդիականացման նախանձելի տեմպեր՝ ցույց տալով, որ Հայաստանի կրթական համակարգում բուհը կարողանում է արժանապատիվ եւ կարեւոր գործընկեր լինել»: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն անդրադառնալով գիտաժողովի թեմային՝ ընդգծել է, որ  մանկավարժական կրթության գործընթացում պրակտիկայի արդյունավետ եւ բովանդակային կազմակերպման լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Միջազգային գիտաժողովի մասնակից՝ Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզմանն էլ  ներկայացրեց Ուկրաինայի բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների գործնական պատրաստության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մանկավարժական ծրագրերի, պրակտիկայի դրույթների համապատասխանեցումը կարեւոր քայլ է մանկավարժական կադրեր պատրաստելու գործում միասնական լինելու համար: Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են երկու մասնաճյուղերով՝ Մանկավարժական պրակտիկայի խնդիրները բուհական կրթության համակարգում եւ Տեսական եւ գործնական պատրաստվածության խնդիրները բարձրագույն մանկավարժական կրթության արդիականացման գործընթացում: Գիտաժողովը կշարունակվի մինչեւ հուլիսի 5-ը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031