Լրահոս
Օրվա լրահոսը

Է. Շարմազանով. «Իսկ ո՞վ է ասել, որ մեր կուսակցության նախագահը մեզ միշտ պիտի գովի»

Հուլիս 03,2013 13:56

«Այդ անձանց բարեկամական խորհուրդ եմ տալիս. թող իմ մասին սուտ նյութեր չտարածեն, թե չէ ես ստիպված կլինեմ նրանց մասին ասել ճշմարտությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր դեմ մեղադրանքներ տարածողներին այսպես պատասխանեց:

Այն հարցին, թե համալսարանում ունեցե՞լ է հակառակորդներ, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ես չեմ փոխվել, մարդ չի կարող փոխվել, կարող է քողարկել, բայց այդ ամենը քառասուն օր է տևում, իսկ այս դարում՝ չորս վայրկյան»:

ՀՀ-ում իրավունքի գերակայության ապահովման հետ կապված Է. Շարմազանովը նշեց, որ կա առաջընթաց ու հավելեց. «Եթե հինգ վեց տարի առաջ օրակարգային խնդիր էր ժողովրդավարության զարգացումը, հիմա տեսնում ենք, որ գոնե այդ հարցերում խնդիրները նվազեցրել ենք»:

Հարցին՝ ՀՀ-ում բոլո՞րն են օրենքի առաջ հավասար, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում և այդ իմաստով օրենքը պետք է գործի բոլորի համար հավասար: Այն մարդիկ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից, պիտի պատժվեն»:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե ինքը իրավունք չունի չհավատալու Կիպրոսի դատախազին: Իսկ հավատո՞ւմ է արդյոք Է. Շարմազանովը Կիպրոսի դատախազին: Նա պատասխանեց. «ՀՀ վարչապետը դիմել է դատական ատյաններին, գործը գտնվում է իրավական տիրույթում: Ես հավատում եմ վարչապետին»:  Տ. Սարգսյանին առնչվող օֆշորային սկանդալի քաղաքական համատեքստի մասին էլ Է. Շարմազանովն ասաց. «Բնականաբար քաղաքական գործչի հետ կապված ինչ լինում է, դա քաղաքական է»: ՀՀԿ-ում գոյություն ունեցող լարվածության մասին խոսակցություններին Շարմազանովն այսպես արձագանքեց. «Լարվածություն չկա, կա աշխատանքային մթնոլորտ»:

Այն դիտարկումներին, թե Ս. Սարգսյանին բարկացրել է այն, որ Շարմազանովն ու Հ.. Աբրահամյանը չեն պաշտպանել կառավարությանը, ավելին, լափել, թալանչիներ, չաղ ու բախտավոր որակումներ են տվել, Է. Շարմազանովը պատասխանեց. «Չգիտեմ, ով է լափողներ ու թալանչիներ ասել, բայց նրանք, ովքեր վճարել են չիրականացված աշխատանքի համար, անկախ նրանց շինարար, թե չինովնիկ լինելուց, չաղ և բախտավոր են: Իսկ ո՞վ է ասել, որ մեր կուսակցության նախագահը մեզ միշտ պիտի գովի, իհարկե մենք էլ կարող ենք սխալվել: Անկախ նրանից՝ ով է խախտում օրենքը, անկախ իշխանություն ես, թե ոչ, մարդիկ բաժանվում են պարկեշտ ու ոչ պարկեշտների և անկախ նրանից ով է խախտում օրենքը, պիտի պատժվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031