Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լարախաղացությունը կործանման եզրին է». Վլադիմիր Հակոբյան

Հուլիս 03,2013 13:40

Լարախաղացությունը մոռացության է մատնվել հասարակության ու մշակույթի նախարարության կողմից.այսօր՝ հուլիսի 3-ին, «Տեսակետ» ակումբում ասաց լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը:

Վ. Հակոբյանը միակ տարիքով մեծ լարախաղացն է, որն իր ընտանիքը «պահում» է այս գործով: Արդեն 50 տարի աշխատանքային ժամեր չունի, ամիսներով տնից դուրս է գալիս, շրջում գյուղից գյուղ՝ գումար վաստակում լարախաղացությամբ:

Կարծում է, որ ազգային արվեստի մասին միայն ինքն է խոսում, ինքն է տարածում. «Չկա այդ կազմակերպիչը, այն սրտացավ անձնավորությունը, որ մեզ հավաքագրի: Ազգային տոների, ծիսակատարությունների ժամանակ լարախաղացությունը մեծ տեղ պետք է գրավի»:

Վլադիմիր Հակոբյանն ասում էր, որ դիմել է մշակույթի նախարարություն, որպեսզի ֆիլմ պատրաստի լարախաղացների մասին: Ի պատասխան իր խնդրանքի՝ նրան ասել են, որ արդեն կա ֆիլմ՝ «Վերջին լարախաղացը»: Ֆիլմի մասին իր հստակ կարծիքն ունի բանախոսը. «Վերջին լարախաղաց չկա, պետք է շատանան այս արվեստի մասնագետները: Ես լինելով լարախաղաց՝ տեղյակ չեմ եղել ֆիլմի մասին, որը շատ է տխրեցրել ինձ»:

Վ. Հակոբյանը գիրք է գրել հայ լարախաղացների մասին` «20-րդ դարի հայ շրջիկ լարախաղացները»: Գրքում պատմել է մի քանի հայ լարախաղացների կյանքի պատմություններ, լարախաղացության նրբությունները:

50 տարվա լարախաղաց լինելով՝ մինչև հիմա կոչման չի արժանացել, որը վշտացնում է իրեն: Այս առնչությամբ դիմել է մշակույթի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց ապարդյուն` արդյունքի չի հասել. «Նախարարություն եմ դիմել նաև, որ մեզ տարածք տրամադրեն, որպեսզի ես կարողանամ աշխատել, երեխաներ հավաքագրել, թե չէ՝ այսպես արվեստը կորչում է»: Իր 6 երեխաներից ոչ ոք չի շարունակել հայրիկի ճանապարհը, պատճառը մեկն է. մասնագիտությունը շատ բարդ է:

Բանախոսը վերջում նշեց, որ լարախաղացությունը մարդուն տալիս է ուժ, եռանդ, սեր, հավատք ու ֆիզիկական առողջություն:

 

 Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031