Վաղը կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստն, ամենայն հավանականությամբ կլինի ընդլայնված, որին կհետեւի նաեւ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ-ում թեեւ խուսափում են հրապարակային խոսել այդ առիթով «վախերի» մասին, սակայն, լարվածությամբ են սպասում վաղը կայանալիք նիստին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրն կայացած խորհրդակցության ժամանակ, որի քննարկման թեման Վերահսկիչ պալատի 2012 թվականի աղմուկ բարձրացրած հաշվետվությունն էր, նախագահ Սարգսյանն անդրադառնալով խորհրդարանում ՀՀԿ-ականների քննադատական կեցվածքին, ասել էր. «Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաեւ, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետեւ դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»:
Հիշեցնենք, նաեւ, որ հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ ՀՀԿ-ականները` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, խիստ քննադատության ենթարկեցին կառավարությանը` ՎՊ-ի հաշվետվության չարաշահումների համատեքստում: Ասում են, նախագահը բավականին կոշտ զրույց է ունենալու իր կուսակիցների հետ` ոչ միայն կառավարությանը չպաշտպանելու, այլ «թալանչիներ ու լափողներ» որակումների համար:
Երեկվանից Aravot.am-ը տարբեր ՀՀԿ-ականներից փորձում է ստանալ հարցի պատասխանը` շա՞տ են վախենում, որ կարժանանան նախագահի նախատինքին: Յուրաքանչյուրը` տարբեր պատճառաբանություններով, խուսափում է այս թեմայի շուրջ առայժմ ինչ-որ բան ասելուց:
Կարդացեք նաև
Իսկ այսօր մեզ հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանություններ անել կամ կարծիք հայտնել` քանի դեռ քննարկումը չի կայացել: Նրա խոսքով, նախագահը շատ հստակ է ամեն ինչ ասել եւ հավելյալ ենթադրությունների անհրաժեշտություններ ինքը չի տեսնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ