Լրահոս
Օրվա լրահոսը

Կճոյանը «կերպարանափոխման» մի քանի փուլեր է անցել

Հուլիս 03,2013 12:35

Նավասարդ Կճոյանը վեջին շրջանում փորձում է ակտիվ հայտարարությունների միջոցով նոր իմիջ ձեւավորել իր շուրջ։ Այս առումով եւ ընդհանրապես Արարատյան Հայրապետական թեմը կոչ-հայտարարության փոխարեն ճիշտ կաներ, օրինակ, այնպիսի ծրագրեր կամ անելիքներ թվարկեր-նկարագրեր, որտեղ կերեւար, թե ինչ առնչություն ունի Կճոյանը հոգեւոր աշխարհի եւ հասարակության հոգեւոր դաստիարակության հետ։ Մյուս կողմից էլ հասկանալի է, որ չեղած բաների մասին դժվար է հայտարարություն-կոչ «ստեղծագործել» եւ տարածել։

Ի դեպ՝ Կճոյանը «կերպարանափոխման» մի քանի ստադիաներ է անցել. փորձենք վերհիշել.

էպիզոդ առաջին։ Հասարակական-քաղաքական ակտիվ շրջանակներից դուրս, այսինքն՝ լայն հասարակությունը, Կճոյանին ճանաչեց որպես «հանրապետական տերտեր»։ Ինչու, որովհետեւ այս հոգեւորականին մարդիկ տեսնում էին եւ են բացառապես Հանրապետական կուսակցության միջոցառումները օրհնելիս, ասենք ՀՀԿ համագումար, ՀՀԿ հանդիսավոր խորհրդի նիստ, իշխանության հետ սերտաճած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության բացում՝ հոգեւոր տեքստով, եւ այս կարգի այլ միջոցառումներ։ Կճոյանի այս «հայտնությունն» առանձնապես չհուզեց հայ հասարակությանը, մարդիկ ավելի շատ սկսեցին ծիծաղել այս երեւույթի վրա ու լրջորեն չքննարկեցին՝ ինչո՞ւ է հոգեւոր դասի «էլիտար» ներկայացուցիչը վերածվել հոգեւոր տեքստ ասող թամադայի։

Էպիզոդ երկրորդ։ Նավասարդ Կճոյանի անունը առավել ակտիվորեն սկսեց շրջանառվել այն ժամանակ, երբ քաղաքական ասպարեզում հայտնվեց Տիգրան Սարգսյանը, ավելի որոշակի, երբ վերջինս դարձավ ՀՀ վարչապետ։ Շուտով պարգ դարձավ, որ կառավարության ղեկավարը Կճոյանին անվանական զենքով է պարգեւատրել։ Այս ժամանակ հասարակությունը սկսեց սթափվել ու մտածել, թե հոգեւոր դասն ի՞նչ գործ ունի գենք-գինամթերքի հետ։ Հենց այս ժամանակ էր, որ Կճոյանին մարդիկ տեսնում եւ ֆիքսում էին տարբեր զվարճանքի կենտրոններում՝ բավականին հաճելի իգական սեռի ներկայացուցիչների հետ։

Էպիզոդ երրորդ։ Հետո եկան Բենթլիի ժամանակները։ Պարզվեց, որ Կճոյանին ոչ միայն զենք կարելի է նվիրել, այլեւ մի քանի հարյուր հազար դոլարանոց շքեղ ավտոմեքենա։ Ազգս Կճոյանին կնքեց «Բենթլի Սամո» մականվամբ, եւ իսպառ մոռացության մատնեց այն իրողությունը, որ այս մարդը բավականին բարձրաստիճան եկեղեցական է։ Կճոյանն ինքն էլ մոռացավ իր «աշխատանքի վայրը» եւ ազատված «աշխատանքային պարտականություններից» սկսեց ապրել այնպես, ինչպես մեր երկրում ապրում եւ գործում են մականունավոր օլիգարխները։ Կճոյանի անվան հետ այս ընթացքում բազմաթիվ բիզնեսներ կապվեցին՝ ռեստորանային համալիրի բիզնեսից մինչեւ «էժանով ռազտամոժկա» անելու «ալիք»։ Հետո Կճոյանի անունը սկսեց շրջանառվել կրիմինալ շրջանակների ներկայացուցիչների հետ միասին նույն շարքում։ Լինում էին «ռազբորկաներ», որտեղ Հայաստանը ներկայացնում էր Նավասարդ Կճոյանը։

Էպիզոդ չորրորդ։ Այս ամենի տրամաբանական շարունակությունը օֆշորային պատմությունն է։ Այն, որ Կճոյանը կարող էր օֆշորում գործունեություն ծավալել, որեւէ մեկի համար նորություն չէր։ Այն, որ Կճոյանը կարող էր միջնորդել այս կամ այն բանկին՝ բիզնես ծրագիր հաստատել կամ մերժել՝ դարձյալ զարմանալի չէր։

Բայց որ Կճոյանը կարող է իր շուրջ ձեւավորված այս մթնոլորտից նեղվել եւ հասարակությանը կոչ անել ակտիվ պահել ենթագիտակցությունը՝ մի քիչ տարօրինակ է։ Կճոյանն այս տարիների ընթացքում կամաց-կամաց նույնացավ իշխանության հետ։ Հիմա մնում է վերջին քայլը՝ քաջություն ունենալ դեն նետել եկեղեցական սքեմն ու վեղարը եւ հայտարարել, որ մոլորյալ են բոլոր նրանք, ովքեր կարծել են, թե հոգեւոր արժեքներն ավելի կարեւոր են, քան փողը, իշխանությունը, Բենթլին կամ օֆշորը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031