Շարունակվում է կառավարության, այսպես ասած՝ արդարացումը Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումների առնչությամբ: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում անդրադառնալով վերահսկիչ պալատի արձանագրած երկու բիոզուգարանների համար հարյուր միլիոն դրամ անարդյունավետ ծախսին, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը չհամաձայնեց այդ գնահատականին, կարծիք հայտնելով, որ հանրային զուգարանները պարտադիր չէ, որ շահույթով աշխատեն: Սակայն, ըստ նախարարի անձնական կարծիքի, այդքան գումար երկու զուգարանի համար պետք չէր ծախսել:
Վերահսկիչ պալատն անդրադարձել էր ՓՄՁ աջակցության ԶԱԳ-ի ծրագրի անարդյունավետ աշխատանքին. մասնավորապես՝ մի քանի ընկերություններին տրամադրված վարկերից հետո, այդ ընկերությունները փակվել են, ուստի վարկերի տրամադրումն անարդյունավետ է եղել: Այս առնչությմաբ էլ նախարարն ասաց, որ ծրագիրը շատ էլ լավ է աշխատել ու պետք է շարունակել այն, եւ նույնիսկ զարմանալի կլիներ, որ սկսնակ ընկերությունները միանգամից շահութով աշխատեին: Իսկ քառասուն-հիսուն տոկոս շահույթով, ըստ նախարարի, կարող են աշխատել առեւտրային ընկերությունները, այն էլ ոչ լրիվ թափանցիկության դեպքում:
Վերահսկիչ պալատի՝ անարդյունավետության մասին մյուս գնահատականը վերաբերում է Գյումրու տեխնոպարկին. Այս մասով էլ նախարարը կրկին վստահեցրեց, որ այո, ծրագրի որոշ բաղադրիչներ պետք է ոչ շահույթով աշխատեին, նախարարը նորից կրկնեց՝ զարմանալի կլիներ, որ այդ լաբորատորիաները շահույթով աշխատեին:
Վերահսկիչ պալատը նաեւ նշել էր, որ տեխնոպարկի ծրագրի ճակատագիրն անորոշ է, այս առումով էլ նախարարն ասաց, որ նման բան չկա, ծրագիրը շարունակվում է:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ