Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուղղորդվող գործընթացնե՞ր, թե՞ կազմակերպված «դավադրություններ»

Հուլիս 03,2013 12:16

Շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությունը որոշ կարեւոր շերտեր էր պարունակում։ Նախ այդ խորհրդակցությունը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ մեր գրեթե ողջ հասարակությունը սպասում է «օֆշորային» սկանդալի արդյունքում Սերժ Սարգսյանի որոշմանը:

Հասարակ քաղաքացուն, որը ոչ խորացել է «օֆշորային» սկանդալի մանրամասների մեջ եւ ոչ էլ Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարության մեջ՝ պարզապես հետաքրքիր է մի բան հասկանալ՝ այս երկրում, ընդհանրապես, իշխանությունները ինչ-որ գործընթացի համար իրենց պատասխանատո՞ւ են համարում, թե՞ ոչ: Իսկ որ նման սկանդալը ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ պետությունում ոչ միայն վարչապետի, այլեւ ամբողջ կառավարության հրաժարականի առիթ կարող էր հանդիսանալ՝ սա աներկբա: Սերժ Սարգսյանը, ով չի սիրում կտրուկ քայլերի դիմել, թերեւս, ճիշտ կլիներ, որ գոնե մեկ անգամ դիմեր այդ կտրուկ քայլին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ չորս տարի անց նա իշխանություն պետք է հանձնի, իսկ երկրորդ իշխանավարման փուլում ղեկավարներն արդեն մտածում են իրենց մասին պատմության էջերում դրական գնահատականներ թողնելու մասին, ինչը նման կառավարության պայմաններում ապահովելը հազիվ թե հաջողվի, եթե չասենք՝ գրեթե բացառվում է:

Եվ ահա, այս իրավիճակում, տեղի է ունենում մի խորհրդակցություն, որին նախ չի մասնակցում Հանրապետության երկրորդ պաշտոնյան՝ ԱԺ նախագահը, ով ավելի վաղ ԱԺ-ում, մեղմ ասած, չէր թաքցնում հիացմունքը ՎՊ նախագահի բացահայտումների առիթով:

Սերժ Սարգսյանը, կարծես, բավական նրբանկատ է դարձել քաղաքական գործընթացների նկատմամբ, ավելի ճիշտ՝ այդ գործընթացները «ճիշտ» ուղղությամբ ուղղորդելու հարցում: Այդ խորհրդակցության արդյունքում այսօր ստեղծվել է մի մթնոլորտ, որն առավելապես հուշում է մեզ այն մասին, թե իշխանության ներսում տեղի են ունեցել՝ մեզ, հասարակ մահկանացուներիս անտեսանելի իրադարձություններ, որոնք ջրի երես հանեցին իշխանության ներսում գոյություն ունեցող հակադրությունները:

Որ իշխանության ներսում շահերի բախման լուրջ ներուժ կա եւ դա անընդմեջ կարող է արտահայտվել, այստեղ իհարկե կասկած չկա: Ավելին, իշխանության անգործությունից օգտվողների պակաս, կարծես չի էլ զգացվում։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե Սերժ Սարգսյանը վերահսկո՞ւմ է գործընթացը, թե՞ իրավիճակը կարող է դուրս գալ նրա վերահսկողությունից:

Եթե Սերժ Սարգսյանը մնալու է կտրուկ քայլերի չդիմելու իր սկզբունքին հավատարիմ, ապա կարելի է եզրակացնել, որ նախագահականի խորհրդակցությունը, իշխանության տարբեր թեւերին իջեցված հրահանգները կդառնան քաղաքական հիմնական քննարկվող գործընթացները եւ ոչ ավելին, բայց որոշ ժամանակ անց՝ կրքերը կհանդարտվեն, նույնիսկ ՎՊ նախագահը չի հիշի «լափած» միլիոնների մասին (ի դեպ, ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում, նախագահի կողմից իրեն ուղղված հրապարակային քննադատության առիթով ՎՊ նախագահն էլ՝ կամ վաղուց բացատրություններ, պարզաբանումներ պետք է ներկայացրած լիներ հանրությանը, կամ՝ պետք է հրաժարական տված լիներ):

Մի կողմ թողնենք Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեկամական մտերմությունը, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ԲՀԿ-ական անցյալը, եւ նրանց բոլորի անունները ժամանակ առ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հետ կապելու քննարկումները եւ իշխանության ներսում «դավադրություն» կազմակերպելու վարկածների շրջանառմանը: Հատկանշական է, որ հայաստանյան քաղաքական գործընթացներում իրադարձությունները մերթընդմերթ եփվում են բացառապես իշխանական դաշտում, այլ ոչ թե ընդդիմադիր`վաղուց ամայացած դաշտում։

Սերժ Սարգսյանի վերընտրությունից չորս ամիս անց ընդդիմադիր դաշտում դատարկությունը կարող էր արդեն իսկ նպաստել նաեւ մեկ այլ գործոնի ի հայտ գալուն՝ իշխանության ժառանգորդի հարցում կողմնորոշվելու փուլին: Սա ամենագլխավոր հարցերից մեկն է, որը պարարտ հող է ստեղծելու՝ քաղաքական նոր ինտրիգների, շահերի նոր բախման ու դրսեւորման, պարզաբանումների, համաձայնությունների, որոշումների կայացման հարցում: Հնարավոր է, որ իշխանության ժառանգորդի հարց Սերժ Սարգսյանը դեռ բնավ էլ չունի իր օրակարգում, բայց իշխանական վերնախավում քաղաքական գործընթացները ինչպես էլ պտտվեն՝ բախվելու են այդ խնդրին, եւ հնարավոր է, որ վերջին իրադարձությունները հենց դրա արդյունքն էին:

Ինչեւէ, ինչ լուծում կնախընտրի Սերժ Սարգսյանը, թերեւս, առաջիկա շաբաթներին, ամիսներին ավելի հստակ կդառնա: Կախված այդ որոշումից՝ պարզ կլինի նաեւ «օֆշորային» սկանդալի եւ Վերահսկիչ պալատի բացահայտումների եւ դրանց հաջորդող գործընթացների անկեղծության աստիճանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ խայտառակ երկիր է դարձել Հայաստանը: Տեսեք, ովքեր են երկրի տերերը: Կարդացեք,՝ նրանց
    կենսագրությունը, նրանց ինտելեկտը, ազգի, պետության՝, նրանց գիտակցությունը: Վերջապես այս
    խավարը դեռ ավելի է մթնելու, թե՛ սա վերջն է, իսկ եթե վերջն է, ապա ինչի՞ վերջը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031