Օրեր առաջ՝ հունիսի 29-ին, ավարտվեց Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնը: Մոսկվայի այս տարվա կինոփառատոնը աչքի ընկավ ցուցադրված ֆիլմերի առատությամբ. կինոփառատոնի 9 օրերի ընթացքում ցուցադրվեցին 360-ից ավելի ֆիլմեր, որոնցից միայն 16-ն էին ընդգրկվել մրցութային ֆիլմերի հիմնական ծրագրում: Կինոփառատոնի մրցութային ֆիլմերի ժյուրիի կազմը պակաս ներկայանալի չէր, այն գլխավորում էր իրանցի հայտնի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը, ժյուրիի կազմում ընդգրկված էին նաեւ ֆրանսիացի ռեժիսոր Ուրսուլա Մեյերը, վրացի դերասան Զուրաբ Կիպիշիձեն, դերասան Սերգեյ Գարմաշն, ինչպես նաեւ հայտնի «Պուսանի» կինոփառատոնի հիմնադիր Կիմ Դո-Հոն:
Փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե Գեւորգը» բաժին հասավ թուրքական «Մասնիկ» (Zerre) ֆիլմին, որը պատմում է Ստամբուլի արվարձաններում բնակվող մի կնոջ մասին, ով ստիպված է ծանր ֆիզիկական աշխատանք կատարելու միջոցով կերակրել իր խնամության տակ գտնվող ծեր մորն ու հաշմանդամություն ունեցող դստերը:
Իսկ ֆիլմի գլխավոր դերակատար,թուրք դերասանուհի Ժալե Արիկանը հաղթող ճանաչվեց «Լավագույն դերասանուհի» անվանակարգում եւ ստացավ «Արծաթե Գեւորգ» մրցանակը:
Թուրքական տարբեր կինոփառատոններում մի քանի մրցանակներ ստացած «Մասնիկ» ֆիլմի ռեժիսոր էրդեմ Թեփեգյոզը լրագրողներին պատմել է, որ շուրջ երկու տարի պատրաստվել է ֆիլմի նկարահանումներին, քանի որ պետք էր մանրազննին ուսումնասիրել այն միջավայրը, որտեղ ապրում է ֆիլմի հերսուհին:
Կարդացեք նաև
«Երբ կարդացի սցենարը, միանգամից հասկացա, որ իմ դերն է: Ինձ ավելի շատ գրավեց հերսուհու բնավորությունը, եւ ես հավատում էի, որ այն իմ մեջ շատ բան կփոխի: Ես ամբողջովին ընկղմվեցի իմ դերի մեջ եւ այն մի քանի օրերը, որոնք զետեղված են ֆիլմի մեջ, ապրել եմ իմ կողմից մարմնավորած կերպարի հետ»,- իր հերթին ասել է Ժալե Արիկանը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Լուսանկարում՝ ռեժիսոր Էրդեմ Թեփեգյոզ, դերասանուհի Ժալե Արիկան