Եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի 3 մարզադաշտերում միաժամանակ առաջին մարզական միջոցառումն է անցկացվել։ Մարզական խաղերին մասնակցել են «Փյունիկ» հաշմանդամների միության բասկետբոլիստները, իսկ ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտերում մրցել են Երևանի համար 52 հիմնական դպրոցի աշակերտները։
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը նշել է, որ այսուհետ մարզադաշտն ակտիվորեն ներառված է լինելու քաղաքապետարանի մարզական տարբեր միջոցառումների անցկացման հասցեների ցանկում։
Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակում կայացած առաջին խաղերին հետևել են Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանը, CIUDAD ծրագրի աջակցման մեխանիզմների թիմի ղեկավար Ֆրենկ Սամոլը, ծրագրի շրջանակում Երևանի գործընկեր Մահդիա, Համբուրգ, Սպլիտ, Տրոնդհեյմ քաղաքների ներկայացուցիչները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն