Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սահակյան. «Իմ առանձնապես չսիրած ներկայացումներից մեկը հենց «Խաթաբալադան» է»

Հուլիս 03,2013 11:33

Հատվածներ բեմադրիչ Արթուր Սահակյանի հետ հարցազրույցից:

Պարոն Սահակյան, շատերի կարծիքով, նույն «Մեա կուլպայի», «Խաթաբալադայի» հետ թատրոն մտան նաեւ KBH-ի էլեմենտներ, դասական թատրոնը մղվեց երկրորդ պլան, չե՞ք գտնում, որ դրանով վնասեցիք թատրոնը։

– Այդպես խոսացող մարդկանցից մի քանիսը, հավանաբար, նման բան անելու անհաջող փորձեր են ունեցել եւ, բացահայտ ձախողվելով, ստիպված նման բան են ասում։ Ի դեպ, իմ առանձնապես չսիրած ներկայացումներից մեկը հենց «Խաթաբալադան» է, բայց դրա պատմությունն ուրիշ է։ Հետո այդտեղ KBH չկա, ուղղակի բառ են գտել, ասում են ու լղոզում։ Այդ ներկայացումները ես անվանում եմ հրապարակախոսական թատրոն եւ թատրոնի այդ տեսակը ես չեմ հորինել։ Այո, կոմեդիան այսօր, եւ ոչ միայն այսօր ու ոչ միայն մեզ մոտ, ավելի մեծ սպառում ունի, որովհետեւ մարդկանց հոգսերն էլ ավելի շատ են, ու իմ կողմից շատ հարգված թատրոններ շուռ են եկել դեպի կոմեդիա, լուրջ գործն այդքան հնչեղություն չի ունենում, որովհետեւ դրա սպառողն ավելի քիչ է, զուսպ է ու կիրթ։ Այդ զուգահեռը միշտ էլ եղել է, Շեքսպիրի կատակերգություններն էլ իր ողբերգությունների համբավն ու դիապազոնը չունեն։

Իսկ «Խաթաբալադան» փորձ էր մեր իրականությանը նայել մեր զրկանքների աչքերով ու խորին «շնորհակալություն» հայտնել այդ զրկանքների համար։ Ամեն դեպքում՝ ինչ արվել է, արվել է ազնվորեն, որովհետեւ զգացել ենք, որ սրա կարիքը կա, ուզեցել ենք ինքներս մեզ օգնել, որովհետեւ սիրում ենք այս երկիրը եւ ուրիշ երկիր չունենք, սա մեր հայրենիքն է՝ մեր աշխարհի կենտրոնը, եւ ես իմ ցավն արտահայտում եմ այս չափի դառնությամբ։

Մեզ համար շատ զարմանալի էր ու շատ ցավալի, որ «Մեա կուլպան» շատերի համար դարձել էր զվարճանք, այնինչ լացել էր պետք, մենք անգամ «Մեա կուլպայի» փորձերին մարդիկ հրավիրեցինք, ասեցինք՝ նայեք, մենք կարո՞ղ է ինչ-որ սրբությունների ենք կպնում, որոնց չի կարելի կպնել։ Բայց ոմանց համար այն դարձավ կոմեդիա, եւ դա հաստատ մեր մեղքը չէր։ Մենք ընդամենը արտահայտել ենք մեր ցավը, դարդը:

Այսօր անգամ մտավորականներն են ճամբարների բաժանված, իշխանամետները մտնում են կուսակցություններ, ավագանի, ընդդիմադիրները գնում են Ազատության հրապարակ։ Դուք ո՞ւր եք նախընտրում գնալ։

– Ես վերջին անգամ հրապարակ գնացել եմ 88-ին, ու դրանով ինձ համար վերջացել է հրապարակի թեման։ Քաղաքականությունից խոսելով՝ դու ուղղակի վատնում ես քո էներգիան, որովհետեւ լինելու է այնպես, ինչ տրամաբանության մեջ այն կառուցված է։ Այսօր առավել եւս ես իմ ապագան կապում եմ Հայաստանի հետ, ընդ որում՝ ոչ Հայաստանի Հանրապետության եւ ոչ էլ Սովետական Հայաստանի հետ։ Իմ հայրենիքը Հա-յաս-տանն է։ Ես ուզում եմ տեսնել ուժեղ, բարեկեցիկ, երջանիկ մարդկանց։ Իմ հավատը դեպի Աստված է։ Մարդը շատ փոքր է եւ անկատար, որ գերագույն հավատը մեկս մյուսի հանդեպ լինի, իսկ պոլիտիկան… բոլորի խոստումներին էլ հավատում,

վստահում եմ եւ իմ չափով տալիս եմ հնարավորություն ապացուցելու, բայց եթե մարդն իր կյանքն ուրիշ բանի մեջ է տեսնում, ես չեմ փորձելու կյանք սովորեցնել նրան, բայց չեմ էլ ներելու։

Երբեւէ Ձեզ չե՞ն առաջարկել մտնել ավագանի, կուսակցություն։

– Ոչ մի անգամ, նույնիսկ կաշառք չեն առաջարկել, եւ հետո՝ իմ կարիքը չկա, իմ կարիքը կարող է բեմի վրա զգացվել եւ վերջ, թե չէ ես ձայն բերող էլեմենտ չեմ։ Հետո, գիտեք քաղաքական դաշտն էլ բեմի նման բան է, ուղղակի ոմանք չեն հաջողել որպես դերասան, ստիպված գնացել են քաղաքականություն։ Այդ ոլորտն իմը չէ, ես բեմ ունեմ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031