Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ճգնաժամային խումբը Ղարաբաղի խնդրում վիճակի վատթարացում է արձանագրում

Հուլիս 03,2013 11:32

«Ազատություն» ռադիոկայան. Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստել է նոր զեկույց աշխարհի տարբեր հատվածներում առկա հակամարտությունների մասին։

Մոլորակի մի շարք շրջաններում փորձագետները կացության վատթարացում են արձանագրել։ Այդպես է, մասնավորապես, Եգիպտոսում, Վրաստանում, Լիբանանում, Սոմալիում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։

Այդ հակամարտության գոտում լարվածությունն ընթանում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին զուգահեռ։

Հունիսի 19-ին Ադրբեջանը հայտնել է Ռուսաստանից մեկ միլիարդ դոլարի զինատեսակներ ստանալու գործարքի մասին։ Ռուսներն ադրբեջանցիներին տրամադրում են T-90 տանկեր, արդիական հրետանային և հրթիռային համակարգեր։

Նախագահ Իլհամ Ալիևի հրամանատարությամբ Բաքվում հունիսի 26-ին տեղի է ունեցել զորահանդես, որի ընթացքում ցուցադրվել են նոր զինատեսակներից մի քանիսը, դրանց թվում՝ անօդաչու սարքերը, իսկ քաղաքի վրայով են անցել կործանիչները։

Ալիևը հերթական անգամ վստահեցրել է իր զինվորներին և զորահանդեսին հետևող հայրենակիցներին ու արտասահմանցիներին, թե Ադրբեջանի զինված ուժերը հարկ եղած դեպքում պատրաստ են հսկողության տակ առնել ոչ միայն հայերի գրաված շրջանները, այլև բուն հայկական տարածքները։

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանների փոխանցմամբ, ի պատասխան Բաքվի կողմից ուժի ցուցադրության՝ Հայաստանի պաշտպանության նախարարության մի անանուն պաշտոնյա ասել է, որ հայկական ուժերի տրամադրության տակ կան հեռահար հարձակողական համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել ցանկացած թիրախ Ադրբեջանի տարածքում։

Վերլուծաբանները նշում են, թե առայժմ հասկանալի չէ` խոսքը ռուսների կողմից հայերին փոխանցված զենքի՞ մասին է, թե՞ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքին պատկանող զինատեսակի։

Հունիսի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այցելել է Երևան և հավաստիացրել, որ ռուսական կողմը վերազինելու է 102-րդ ռազմակայանն ու սատարելու է Հայաստանին։

Մինչդեռ, հայ – ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումները չեն դադարում։ Հակամարտությունների գծով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անդրիյ Դեշչիցյան հունիսի 12-ին նախազգուշացրել է, որ հայ – ադրբեջանական լարվածությունը հասել է պայթյունավտանգ սահմանի։

Միջազգային հանրությունը մտահոգություն է արտահայտում նաև Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հնարավոր վերագործարկման առիթով, նշելով, որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Բացի այդ, Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում նշվում է, որ երկու կողմերի ղեկավարները վաղուց չեն հանդիպել և չեն դրսևորում կացության թուլացման նպատակով մի նոր երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկություն։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները ափսոսանք են հայտնել բանակցային գործընթացի փակուղային վիճակի առիթով և հակամարտող կողմերին հորդորել են ակտիվացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։

Արմեն Քոլոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031