Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Դրանք ճիզվիտական ու քինոտ ենթադրություններ են»

Հուլիս 03,2013 10:30

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի  հետ հարցազրույցից:

-Պարոն Սահակյան, խորհրդարանում ՎՊ հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ ՀՀԿ խմբակցությունում խմորումնե՞ր էին տեղի ունենում:

-Իհարկե` ոչ:

   -Այդ դեպքում ինչո՞ւ նախագահը նշեց, որ խորհրդարանական մեծամասնության խմբակցության հետ խորհրդակցություն է անցկացնելու եւ խոսելու նրանց պահվածքի մասին: Ի՞նչն է մտահոգել ՀՀԿ ղեկավարին:

-Վերահսկիչ պալատի զեկույցի ընթացքում ՀՀԿ խմբակցությունն իր առաջ խնդիր էր դրել` ՎՊ-ին եւ կառավարությանը հնարավորություն տալ պատասխանելու բոլոր հարցադրումներին, ու մենք կարողացանք ճշգրտորեն կատարել այդ խնդիրը:
Այսինքն՝ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության կողմից հնչեցված հարցադրումները ոչ թե նպատակ ունեին ինչ-որ մեկին վնասելու, կամ էլ անձնական խնդիր էր լուծվում, ի վերջո, ԱԺ-ում քննարկում ծավալելը չի նշանակում ինչ-որ մեկին պատժել, օրենսդիրը նման լիազորություններ չունի էլ, մեր նպատակն էր` կողմերին հնարավորություն տալ ներկայացնելու իրենց դիրքորոշումները: Սա է թափանցիկությունը:
Եվ սա, այո, գործելակերպի փոփոխություն է, համոզված եմ, որ այն կտա իր դրական արդյունքները: Բայց միեւնույն ժամանակ չպետք է այնպես անել, որ երկրում մթնոլորտն անիմաստ շիկանա ու լարվի:

  -Այս ամենից հետո ի՞նչ հանգուցալուծում է սպասվում. հնարավո՞ր են կադրային փոփոխություններ:

-Երբ գլխավոր դատախազությունը ավարտի իր ուսումնասիրություններն ու կոռուպցիոն դրսեւորումներ կբացահայտի, չեմ կարծում, որ կոնկրետ մարդիկ քրեական պատասխանատվություն չկրեն, ավելին, կարծում եմ, որ դրան կհաջորդեն պատիժներ, վարչական տույժեր, կադրային փոփոխություններ:
Եթե մարդիկ մեղավոր են, ուրեմն չպետք է աշխատեն: Բնական բան է: Բայց միեւնույն ժամանակ գործընթացը զգուշավարություն է պահանջում, որպեսզի անմեղ տեղը որեւէ մեկը չմեղադրվի:
Իսկ այսօր, երբ դեռ դատախազությունն աշխատում է, նման խոսակցությունները, թե սրան, նրան պատժելու են, գործից ազատելու են, ես կանվանեի ճիզվիտական ու քինոտ: Երբ ինչ-որ մեկը մյուսին չի սիրում կամ վատ է տրամադրված որեւէ մեկի հանդեպ, անմիջապես սկսում է նման խոսակցություններ շրջանառել:

  -Հինգշաբթի սպասվում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, արդեն իսկ կանխատեսվում է` քննարկումը կոշտ է լինելու, ոմանց գլխին կարող են նույնիսկ ամպեր կուտակվել:

-Ես գիտեմ` մեր ժողովրդի մեծ մասը կողմ է ոչ թե ամպերի կուտակումներին, այլ արեւին: Իսկ մեր նիստերն անցնում են բարեկիրթ մթնոլորտում, որեւէ մեկը թող չսպասի սենսացիաների:
Այո, քննարկելու ենք տարբեր հարցեր: Եթե խնդիրներ կան, որոնք դարձել են մեր հասարակության լայն շերտերի քննարկման առարկան, բնականաբար իշխող կուսակցության գործադիր մարմինը չի կարող դրանք շրջանցել, մենք պետք է վերլուծենք, հետեւությունների հանգենք, նաեւ մշակենք մեր հետագա քայլերը: Մեր նպատակն է հասնել նրան, որ երկրում նվազեն հանցագործությունները, որ մարդիկ ձեռքները շա՜տ չերկարացնեն, լինեն զգոն ու միշտ մտածեն` հասարակության վերահսկողության տակ են:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է,՝ այս մարդը իր մասին ի՞նչ է մտածում:

  2. Arthur says:

    Իսկ ինձ հետաքրքիր է, թե այս մարդուց ինչու են հարցազրույց վերցնում…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031