Հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանատունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 237-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:
Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ տարին նշանավորվում է «հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ»: «Բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվել է քաղաքական և դիվանագիտական երկխոսությունը», -ասաց դեսպան Հեֆերնը, ապա նշեց, որ պետքարտուղար Քերրին անցյալ ամիս Վաշինգթոնում ընդունել է արտգործնախարար Նալբանդյանին ու գոհ է մնացել նրա հետ ունեցած բովանդակալի հանդիպումից: Դեսպանը նաև հավելեց. «Մեր հիմնական գերակայությունը տնտեսական կապերի խորացումն է առևտրի ու ներդրումների ծավալների մեծացման ու գործարար միջավայրի բարելավման միջոցով: Մենք աշխատում ենք, մեր ժողովուրդների միջև առկա կապերի վրա հիմնվելով, ձևավորել փոխշահավետ տնտեսական հնարավորություններ»: Նա ողջունեց ԱՄՆ դեսպանության հետ աշխատող տարբեր կազմակերպություններին, անհատներին, խմբերին ու քաջալերեց, որ նրանք աշխատեն նաև միմյանց հետ:
Միջոցառման ժամանակ Երևանում ԱՄՆ դեսպանատանն առաջին անգամ ներկայացվեց ամերիկյան քանթրի երաժշտություն: Հայկական «Իմեջին բենդը» ամբողջ երեկոյի ընթացքում հնչեցրեց տարբեր երգեր՝ ամերիկյան քանթրի ոճով, իսկ «Նանե» պարային ստուդիան ներկայացրեց քանթրի խմբապար:
Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը և Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին:
Կարդացեք նաև
ԱՄՆ դեսպանատուն