Aravot.am-ի հարցին, թե կողմնակալ մրցավարության պատճառով Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկված Ռոման Ամոյանը ներկայումս ի՞նչ մարզավիճակում է եւ ի՞նչ նորություն կա Յուրի Պատրիկեեւից, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ռոմանը հավաքականի կազմում նորմալ մարզվում է եւ նախապատրաստվում սեպտեմբերին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նա վերջերս Իտալիայում, հանդես գալով 60 կգ քաշային կարգում, դարձավ երրորդ մրցանակակիր, իսկ Մարիուպոլում արդեն իր հարազատ՝ 55 կիլոգրամում, առաջին տեղը գրավեց:Սակայն նա առայժմ իր հնարավորությունների մոտավորապես հիսուն տոկոսում է: Մենք նրա հարցում չենք շտապում, որպեսզի աստիճանաբար հասնի լավ մարզավիճակի: Հույս ունենք, որ նա աշխարհի առաջնություն կներկայանա գերազանց մարզավիճակում:
Իսկ ինչ վերաբերվում է Պատրիկեեւին, նա դեռ իր հետագա մարզական կարիերայի հարցում չի կողմնորոշվել: Յուրան այսօր ֆեդերացիայից թոշակի տեսքով գումար չի ստանում: Եթե նա որոշի շարունակել եւ գործնականորեն ապացուցի, որ արժանի է հավաքականում լինել, խնդիր չկա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ