Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ծատուրյան. «Ընչի էրեւանները փառատոներ կեղնին, Գյումրիում չե՞ն եղնի» (Ֆոտոշարք)

Հուլիս 02,2013 21:08

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում առաջին անգամ բացվեց «Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որը «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում էր:

PrevPhoto
NextPhoto

Այն սկսվեց անգլիացի հեղինակ Լիոնել Գոլդշտեյնի «Սրճարան. Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացմամբ, որը հայ հանդիսատեսի համար խաղացին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնի դերասանները:

Նշենք, որ բեմադրիչը ֆրանսիայում բնակվող Լեո Մանն էր կամ, որ ավելի ճիշտ է՝ Լեւոն Մինասյանը: Նրան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը ներկայացրեց այսպես. «Բեմադրիչը այսօրվա գրված է Լեո Ման, դու մի ասա Լեւոն Մինասյան, հիմա ծափահարությունները որոտընդոստ կլինեն, գյումրեցի Լեւոն Մինասյան: Լեւոնը ապրում է շատ հեռու մի ցեխոտ երկրում, որի անունն է Ֆրանսիա, բայց սիրով եկավ եւ մեծ գոհունակությամբ ուզեց, որ իր ներկայացումը ցուցադրվի իր հայրենի քաղաքում, նա ունի մի փայլուն ֆիլմ, որը նկարահանվել է էստեղ` Գյումրիում, կոչվում է «Դաշնամուր», չգիտեմ նայե՞լ եք, թե՞ չէ»:

Լեւոն Մինասյանը 20 տարի առաջ ստեղծագործել է հենց Վարդան Աճեմյանի բեմում, սակայն ինչպես ներկայացրեց, ինչ-ինչ ճանապարհներով հայտնվել է օդանավերում: Նրան Արմեն Ջիգարխանյանը հրավիրել է բեմադրություն կատարելու իր թատրոնում, եւ ինքը հանդիպել է այնպիսի դերասանների, որոնց հետ աշխատելը, նրա բնութագրմամբ, եղել է հաճույք:  Մինչ փառատոնի սկսվելը, Նիկոլայ Ծատուրյանը դրսից եկած հայտնի դերասանների հետ մամուլի ասուլիս տվեց ու կատակով մի զավեշտալի պատմություն ներկայացրեց Գյումրու հյուրանոցներից մեկում հյուընկալված Լեւոն Մինասյանի հետ կատարվածի մասին:

«Մի գաղտնիք հայտնեմ Լեւոնից, Լեւոնը մտել է հյուրանոց, էնտեղ ինչ-որ Դուբայի դուշերից է եղել`բռնակներով, Լեւոնենց մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ է, մոտնեում ես, ջուրը ինքն իրեն գալիս է, Լեւոնը սկսել է շարժել դուշը, չի իմանում ինչ է, ինչ չէ, հետո զանգել է ադիմինստրատոր կնոջը, ով եկել ու խորհուրդ է տվել` ըսպես, ըհհ, ըհհ, ըհհ: Հետո տիկինը ասել է` էս գեղացիները կուքան էս ամեն ինչը մեր Գյումրիում կտեսնին»:

Ինչեւէ, փառատոնը սկսվելուն պես Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Ընչի էրեւանները փառատոներ կեղնին, Գյումրիում չե՞ն եղնի, վերջը էղավ տեսաք, այ ըդպես, ուխխ…»:

Գյումրու քաղաքապետն էլ, շարունակելով նրա միտքը, ասաց. «Ես էլ ասեմ` ըբբբը… Շատ հետաքրքիր է, ճիշտն ասած, այս ամեն ինչը, մեր քաղաք է եկել՝ մշակույթը իր բոլոր ուղղություններով: Իմ համար, որպես Գյումրիի քաղաքապետի, երեւի ամենաերջանիկ օրերն են, մանավանդ երեկվա միջոցառումը, տրվեց հավաստագիր՝ Գյումրին ճանաչել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Եթե կա գնահատական, կա վստահություն, նաեւ կա պատասխանատվություն, ըստ որի մենք պետք է կարողանանք այդ բարձր պատիվը պահել այնպես, որ ունենաք մշակութային այն բրենդը, այն նշաձողը, որը երբեք չթողնենք, որ իջնի ներքեւ: Դա կախված է բոլորիցս մեր հարգելի, սիրելի գյումրեցիներ: Այսօր Գյումրին վերածվել է թատերական մայրաքաղաքի, եւ մեր Աճեմյանի դրամատիկական թատրոնում ցուցադրվելու են մոտ տարբեր 20 ներկայացումներ, որը մեզ համար մեծ պատիվ է: Դրանից հետո սկսվելու է «Ոսկե ծիրանը» եւ էսպես շարունակ` 45 միջոցառումներ»:

Սամվել Բալասանյանը նաեւ ասաց, որ իրեն շատ է ոգեւորել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ իր հաշվարկներով, հավաքվել էին մոտ 25000-30000 գյումրեցիներ, եւ որոնք ամբողջ ընթացքում պարում էին: Սամվել Բալասանյանը, ողջունելով Արմեն Ջիգարխանյանին ու ափսոսանք հայտնելով, որ նա չի եկել Գյումրի, հետաքրքիր նվերներ փոխանցեց նրան: Նրան հանձնեց գյումրեցի ճանաչված իրավաբան Մարտին Թադեւոսյանի նվերը, այն է` Արմեն Ջիգարխանյանը պատկերված է Գյումրվա գորգի վրա, ինչպես նաեւ Գյումրվա կլկան բաժակը`ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի լոգոյով:

Գյումրեցի հանդիսատեսը մեծ հաճույքով դիտեց «Սրճարան. Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումը, երկու դերասանների խաղը, իսկ այսօր ցուցադրվեց  օրիգինալ մի հեղինակի` Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը: Նշենք, որ երկու օրերին էլ թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031