Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հուլիսի 2-ին մեկնարկեցին
Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակին նվիրված պաշտոնական
միջոցառումները, որին մասնակցում էին Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի պատվիրակությունը՝ նախագահ Դին Շպիլմանի գլխավորությամբ,
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արցախի
Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, Վճռաբեկ
դատարանի դատավորները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը բարձր գնահատեց և հատուկ
շնորհակալություն հայտնեց Եվրադատարանի պատվիրակությանը` Վճռաբեկ դատարանի
կազմավորման 15-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար: Այնուհետև հաջորդեց
քննարկում՝ Եվրդատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի մասնագիտացված
պալատների նախագահների միջև:
Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին
Շպիլմանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետություն այցն իր առաջին
պաշտոնական այցերից մեկն է, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանը նշում է կազմավորման 15-ամյակը: Իր խոսքում Դին Շպիլմանը
նշեց նաև, որ Եվրադատարանը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մինչ օրս
կայացրել է շուրջ 50 որոշում, ինչը մյուս երկրների համեմատ բավականին
դրական ցուցանիշ է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը զարմանք հայտնեց
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում առկա այն նորմի
կապակցությամբ, ըստ որի դատավորների նկատմամբ հնարավոր է կիրառել
կարգապահական պատասխանատվություն՝ Եվրադատարանի վճիռների կապակցությամբ:
ՀՀ դատական դեպարտամետնի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն