Լրահոս
Օրվա լրահոսը

Միջուկային անվտանգությանը նվիրված ԱԷՄԳ նախարարական համաժողով Վիեննայում

Հուլիս 02,2013 18:54

Հուլիսի 1-ին Վիեննայում մեկնարկեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` (ԱԷՄԳ) Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը: Համաժողովը գումարվել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յ. Ամանոյի նախաձեռնությամբ եւ միտված է վերանայելու միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված անցյալի ձեռքբերումները, ներկա մոտեցումները եւ մատնանշելու ապագա առաջնայնությունները:

Համաժողովին մասնակցում են մոտ 1300 պատվիրակ, 34 նախարար եւ 31 կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարարական համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2014-2017թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:

Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Միջուկային անվտանգության կարգավորման պետական  կոմիտեի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց միջուկային զենքի չտարածմանը եւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործմանն ուղղված  Հայաստանի կառավարության հանձնառությունը: Նա անդրադարձավ ՀԱԷԿ-ում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության նպատակով ձեռնարկված քայլերին եւ ապահովության միջոցառումներին: ՀՀ մշտական ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ Հայաստանի կողմից վերջերս վավերացված ոլորտի կոնվենցիաների, ընդունված օրենքների, ինչպես նաեւ միջուկային անվտանգության ոլորտում ԱԷՄԳ եւ անդամ երկրների հետ իրականացվող ծրագրերի մասին:

Նույն օրը համաժողովն ընդունեց նախարարական հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ անդամ երկրները շարունակում են մտահոգված մնալ միջուկային եւ ճառագայթային ահաբեկչության սպառնալիքով, կարեւորում են ԱԷՄԳ դերը համընդհանուր միջուկային անվտանգության ամրապնդման գործում եւ կոչ անում երկրներին պահպանել միջուկային անվտանգությունը, այդ թվում՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանությունը, դրանց տեղափոխումը, օգտագործումն ու պահեստավորումը:

 

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031