Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Շատ լրատվամիջոցներ մարզական լրագրությանը վերաբերում են այնպես, ինչպես դպրոցներում՝ ֆիզկուլտուրա առարկային». Աշոտ Հակոբյան

Հուլիս 02,2013 19:10

 

«Եթե մեկ տարի առաջ ինձ սպորտից  հարցեր տային, հնարավոր է՝ շատ բաների չկարողանայի պատասխանել և չէի էլ մտածի, որ մի օր կընտրեմ այս ուղին»,-ասում է  Allsport.am կայքի լրագրող Դիանա Ադամյանը: Պատմում է ՝ եղավ այնպես, որ սկսեց օգնել ընկերներից մեկին, ով մարզական  կայքի խմբագիր էր, և ով կամավոր թղթակիցների կարիք ուներ: Ժամանակի ընթացքում ավելի շատ տիրապետեց ոլորտին, հույս ունի՝ առաջիկայում ավելի շատ հմտություններ կսովորի և կդառնա պրոֆեսիոնալ: Դիանան ասում է ՝ երեկ երեկոյան է իմացել, որ հուլիսի 2-ը մարզական լրագրողների տոնն է, սակայն ժամանակի սղության պատճառով չի նշելու այն. «Ես շատ եմ սիրում մարզական լրագրությունը, օրեցօր այն ինձ ավելի հոգեհարազատ է դառնում, այսօր ընկերներս շնորհավորել են, բայց ցավոք, չեմ հասցնում նշել օրը »,-ասում է նա: Ի դեպ, մեզ հետ զրույցից հետո Դիանան շտապեց աշխատանքի:

Մարզական լրագրողների տոնի առիթով զրուցեցինք նաև «Առավոտ» օրաթերթի մարզական լրագրող Աշոտ Հակոբյանի հետ: Նշենք, որ նրա հայրը՝ Սերգեյ Հակոբյանը,  ևս եղել է մարզական լրագրող, «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադիրներից մեկը. «Աչքերս բացել եմ մարզական լրագրողի ընտանիքում: Իմ ամբողջ կյանքում աչքիս առաջ ունեցել եմ հորս ու այդպես որոշել զբաղվել մարզական լրագրությամբ»,-ասում է Աշոտ Հակոբյանը: Նշենք, որ 2000 թվականին նա ճանաչվել է տարվա լավագույն մարզական լրագրող, իսկ լրատվամիջոցների միջև անցակցվող մարզական մրցաշարերի ժամանակ բազմիցս հաղթանակ է տարել. սեղանի թենիս մարզաձևում զբաղեցրել երրորդ և երկրորդ տեղերը, իսկ  բոուլինգ մարզաձևում ՝ մշտապես հաղթանակ տարել: Հարցին, թե որ մարզաձևն է իրեն ավելի հոգեհարազատ, Աշոտ Հակոբյանը պատասխանում է . «Բոլորն էլ սիրում եմ, շատ եմ սիրում բոուլինգը, որովհետև հաղթում եմ (ժպտում է,-հեղ.),  սիրում եմ  սեղանի թենիս, ջրացատկ, ֆուտբոլ, բասկետբոլ մարզձևերեը: Երբ հասկանում ես որևէ մարզաձևից, դա քեզ դուր է  գալիս,  դրանում գեղեցկություն ես տեսնում»:

Նրա խոսքով՝  «Առավոտ» օրաթերթը՝ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ, արդեն 7 տարի է, ինչ մարզական մրցույթներ է  կազմակերպում լրատվամիջոցների միջև:  Իսկ դեռևս անցյալ տարվանից համաձայնության գալով սպորտի նախարարի՝ այժմն՝ Օլիմպիական կոմիտեի  գլխավոր քարտուղարի՝ Հրաչյա Ռոստոմյանի  հետ, VivaCell-MTS–ի և Coca-Colaի հավասար իրավունքներով հովանավորության ներքո լրատվամիջոցների շրջանում մրցաշարեր են կազմակերպել: Նպատակը առողջ ապրելակերպը   մասսայական դարձնելն էր. «Անձամբ ես ուզում էի, որ մարզական լրագրողները հոգեբանորեն պատրաստվեն, որպեսզի գրելուց առաջ զգան, թե ինչ բան է այդ մարզաձևը, ինչու իրենք պարտվեցին և այլն, որպեսզի այլևս չգրեն, թե տվյալ մարզիկի փոխարեն իրենք ավելի լավ գոլ կխփեին և այլն»,-ասում է նա և հավելում՝ այս տարի առաջին անգամ ՀԱՕԿ-ը,   Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան և «Առավոտ» օրաթերթը անցկացրել են սպարտակիադա ԶԼՄ-ների միջև, ընդգրկվել են   4 մարզաձև՝ հրաձգություն, սեղանի թենիս, բոուլինգ և դարձ՝ հաշվի առնելով, որ տվյալ մարզաձևերը մեծ պատրաստվածություն չեն պահանջում. «Ասում են՝ լրագրողի զենքը գրիչն է, բայց այսօրվա պայմաններում լավ կլինի, որ լրագրողները՝ հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, հնարավորություն ունենան գոնե մեկ անգամ հրացանն իրենց ձեռքը վերցնեն, կրակեն, իմանան, թե ինչ բան է դա»:

Ըստ Աշոտ Հակոբյանի՝ Հայաստանում  մարզական լրագրությունը դանդաղ, բայց զարգանում է: Նա նշում է ոլորտում առկա խնդիրները. «Ցավոք սրտի,  այսօր  շատ լրատվամիջոցներ մարզական լրագրությանը վերաբերվում են այնպես, ինչպես դպրոցներում ֆիզկուլտուրա առարկային: Լրատվամիջոցներ կան, որտեղ սպորտի լուսաբանումը  վստահվում է այնպիսի անձանց, ովքեր չեն հասկանում դրանից: Այդ լրագրողները լավագույն դեպքում կարող են մի քանի տողանոց նյութեր անել, թե ով հաղթեց, հաշիվն ինչքան է, բայց նրանք չեն կարող անձամբ մեկնաբանել, նշել, թե, օրինակ՝ ինչով էր պայմանավորված մարզիկի  ձախողումը»,-ասում է նա: Հավելում է՝ սպորտը մեծ գիտություն է, որի մասին գրողները պիտի տեղեկացված լինեն:  Նա նաև ասում է՝ սպորտը չպիտի քաղաքականացնել. «Երբեմն մարզական թեմաներով ասուլիսների ժամանակ լրագրողները հնչեցնում են քաղաքական և այլ բնյութի հարցեր: Վերջերս էլ մի լրագրող գրել էր, թե Ռուբեն Հայրապետյանը միջամտում է ազգային հավաքականի կազմի ընտրությանը, ինչը չի համապատասխանում իրականությանը, անձամբ Ռուբեն Հայրապետյանը հերքել էր նման տեղեկատվությունը: Ֆուտբոլը չի կարելի դարձնել քաղաքականություն»:

Աշոտ Հակոբյանը ապագա մարզական լրագրողներին մաղթում է առողջություն,  և խորհուրդ տալիս լսել  ավագների խորհուրդները, իրենց համեստ դրսևորել, չգոռոզանալ, չխաղալ մարզիկների ճակատագրերի հետ. «Օլիմպիական  խաղերի ժամանակ, երբ Արսեն  Ջուլֆալակյանը եզրափակչի ժամանակ  ռուս մարզիկին պարտվեց, էստեղից մի լրագրող զանգեց  Լոնդոն և հարցրեց Ջուլֆալակյանին, թե արդյոք ռուսն իր վրա յուղ չէր քսել, վերջինս պատասխանել էր, որ նման դեպքեր ըմբշամարտում  լինում են, բայց այլ բան չէր ասել, իսկ լրագրողը գրել էր, թե ռուսը իր մարմնին յուղ էր քսել: Բայց ինչպե՞ս կարելի է մարդու խոսքն աղավաղել: Խորհուրդ կտամ՝ ապագա մարզական լրագրողներին չխեղաթյուրել այլոց խոսքը, շատ սովորեն, մասնագետների հետ ավելի շատ զրուցեն, խորացնեն գիտելիքները»:

 

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031