Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքների, ստացվող հեռախոսազանգերի և տրվող պատասխանների վերաբերյալ մշտադիտարկումները:
2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 11689 հեռախոսազանգ, որից միայն հունիս ամսվա ընթացքում՝ 2468: Ընդ որում, քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով նշված ժամանակահատվածում 1950 հեռախոսազանգ է ստացվել: Բարձրացված հարցերի մի մասին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, 327-ին համապատասխան ընթացք է տրվել:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծով հունվար-հունիս ամիսներին շուրջ 36 հազար զանգ է ստացվել: Քաղաքապետարանին առնչվող բոլոր հարցերին լուծում է տրվել: Թեժ գծերի հեռախոսահամարներին ստացված բոլոր հեռախոսազանգերի ճնշող մեծամասնությունը կոմունալ-կենցաղային բնույթի է եղել:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով հաճախ ստացվում են զանգեր, որոնք քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չեն, սակայն, անգամ այդ դեպքում, քաղաքացին ուղղորդվում է տվյալ հարցով զբաղվող համապատասխան գերատեսչություն: Նշվել է նաև, որ մի շարք երիտասարդների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ վարչական բոլոր շրջաններում բնակիչներին բաժանվել են տվյալ վարչական շրջանում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվական այցեքարտեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն