Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Այսօր դատարանը լսեց երկու վկաների, որոնք լրացուցիչ կանչվել էին ռազմական բժիշկ, անցյալ տարվա հունիսին բռնարարքների զոհ դարձած Վահե Ավետյանի ընկեր, տուժող` Արտակ Բայադյանի, երեք տուժողների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Եգորյանի միջնորդությամբ:
Վկաները «Հարսնաքարի» շրջիկ պահակներ էին` Խաչատուր Սարգսյանն ու Կառլեն Ստեփանյանը:
Ի դեպ, վերջինը մեկուկես տարի է աշխատել ռեստորանային համալիրում, եւ Տիգրան Եգորյանի հարցին էլ, թե կապ ուներ, որ դեպքից հետո, սեպտեմբերից ազատվել է աշխատանքից, պատասխանեց, որ ոչ: Ինչպես նախորդ վկան` Խաչատուրը, այս վկան էլ ռեստորանի հաճախորդներից է լսել տեղի ունեցած վիճաբանության մասին. «Տարածքով անցնում էինք` լսեցինք, ինչ-որ վեճ է եղել»:
Այս վկան հայտնեց, որ դեպքի հաջորդ օրն էլ իմացել է, որ մատուցողին, Գարիկին, մենեջերին ձերբակալել են:
Այն հարցին, թե դեպքից հետո շրջելով տարածքում ինչ են տեսել պահակները, արտառոց բան, իր, կոշի՞կ, ինչ կանեին, եթե տեսնեին, վկան պատասխանեց, որ նման բան չի եղել:
Ամբաստանյալների հարազատների շարքերից լսվեց Տիգրան Եգորյանին ուղղված ռեպլիկը.«քեզ ա տալիս», ինչը չհանդուրժեց դատավորը եւ սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր նկատմամբ` մեկ ամսով արգելելով մասնակցել դատական նիստերին:Այսօր տեղից խոսելու համար նախազգուշացվեց նաեւ Գարիկ Մարգարյանը:
Եթե նախորդ պահակը` Խաչատուր Սարգսյանը հիշեց, որ կա Սերոբ անունով տարեց մի պահակ էլ, ապա այս վկան դա էլ չհիշեց:
Վկայի հարցաքննությունից պարզ դարձավ, որ կան «շրջիկ պահակներ», իսկ անվտանգության աշխատակիցներն էլ կանչվում են, երբ բանկետ կամ մեծ միջոցառումներ են լինում:
Եթե հիշում եք, մատուցողների հարցաքննության ժամանակ էլ տեղեկացանք, որ կան «կանչովի մատուցողներ»:
Տիգրան Եգորյանի հաջորդ հարցը բուռն առարկությունների տեղիք տվեց. «Լինում է, չէ՞, երբ խոսում եք իրար մեջ, այ, ինչ եք քննարկել, ինչ խոսակցություններ եք ունեցել իրար հետ»: Պաշտպանական կողմը գտնում էր, որ առանձին, մասնավոր խոսակցությունները կապ չունեն այս գործով նոր հանգամանք պարզելու հետ, ինչպես- որ կապ չունի, թե քանի հավաքարար, ներկայումս քանի անվտանգության աշխատակից է աշխատում համալիրում հարցը:
Վկան նույնպես տեսել էր Ռուբեն Հայրապետյանին այդ օրը, ցերեկով:
Ի դեպ, վկան սկսեց կմկմալ, երբ Տիգրան Եգորյանը հարցրեց.«Դուք միասի՞ն (նկատի ուներ պահակ Խաչատուր Սարգսյանին) եք հարցաքննվել քննիչի մոտ, նույն սենյակո՞ւմ եք եղել»: Վկան ասաց, որ չի հիշում, հիշեց, որ առաջինը ցուցմունք տվել է Խաչատուրը:
Հետեւեց հաջորդ հարցը. «Որտեղի՞ց եք իմացել, որ անվտանգության աշխատակիցները չեն աշխատել այդ օրը»:Վկան մինչ այդ նման ցուցմունք էր տվել: Նա պատասխանեց. «Այդ օրը չեմ տեսել, դրա համար»:
Մինչդեռ Տիգրան Եգորյանը պնդում էր հարցը, թե` «Մյուսներն այդ օրը աշխատո՞ւմ էին» ձեւակերպմամբ, ինչը առարկվեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից:
Փոխվեց հարցադրումը` «Մյուս ամբաստանյալներն աշխատո՞ւմ էին այդ օրը»: Հարցն առարկության արժանացավ՝ «որտեղից վկան իմանար» պաշտպանական կողմի պարզաբանմամբ:
Այս վկան էլ որեւէ արյուն, հետք, կամ արտառոց իր չէր նկատել ավտոկայանատեղիում:
Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 12-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ