Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. Սերժ Սարգսյանը պետք է ընտրություն կատարի նաեւ ներհայաստանյան կյանքում` ՀՀ-ն կամ ՀՀԿ-ն

Հուլիս 02,2013 17:29

«Երբ մի քանի օր առաջ Լեհաստանում մեր նախագահը հայտարարեց, որ Հայաստանը եւ-եւ-ի քաղաքականության կողմնակից է, նա ստացավ անգամ ոչ դիվանագիտական, այլ հստակ պատասխան, ինչն ընդունված էլ չէ երկու երկրների հարաբերություններում: Նույն կերպ, իր պայմաններն է թելադրում նաեւ ՌԴ-ն` ապացույցը Պատրուշեւի, Բորդյուժայի այցերն էին: Եվ եթե մինչ այժմ միջազգային իրավիճակը Հայաստանին խուսանավելու հնարավորություններ էր տալիս` այժմ արդեն այդ ժամանակն սպառված է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն` անդրադառնալով ներկայիս քաղաքական իրողություններին:

Մովսես Շահվերդյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը պետք է կամ-կամ-ի ընտրություն կատարի նաեւ ներհայաստանյան կյանքում` կամ ՀՀ-ն, կամ` ՀՀԿ-ն: Մեր զրուցակիցն ըմբռնումով է մոտենում նախագահի հոգեկերտվածքին եւ նրա մղումներին` բոլորի հետ հարաբերություններ պահպանելու, բայց վստահորեն ասում է, որ ՀՀ-ի ու ՀՀԿ-ի շահերն ու նպատակները այլեւս վաղուց միմյանց հետ չեն համընկնում: Շահվերդյանի համոզմամբ, ՀՀԿ-ականների մտածողությունը շատ հեռու է ազգային-պետական մտածողությունից ու այդ իրողության հետ պետք է հաշվի նստել:

Մեր զրուցակիցը ցավում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` մի քանի օր առաջ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ արած հայտարարությունները հայկական կողմի համարժեք ուշադրությանը չեն արժանանում: Մինչդեռ, ըստ նրա, դրանք բավականին լուրջ մոտեցում են պահանջում: Նա հիշեցնում է, որ ժամանակին էլ նման կերպ էին հայերը վերաբերվում Կարաբեքիրի հայտարարություններին, բայց ի վերջո կանգնեցին փաստի առջեւ:

«Մեկ միլիարդանոց գործարքն աշխարհի մասշտաբներով լուրջ գործարք է համարվում: ՌԴ-ն տարեկան 22-23 միլիարդի զենք է վաճառում ու դրանից մեկ միլիարդը` Ադրբեջանին: Դրանում եւ տնտեսական կողմը կա, եւ քաղաքական: Ձեռք բերելով մեկ միլիարդ դոլարի զենք, որի մեջ մտնում է 100 ուղղաթիռ ռազմական եւ բեռնատար նշանակության… իսկ ես գիտեմ, թե ինչ է նշանակում ԼՂՀ-ի նման լեռնոտ տարածքում ուղղաթիռների գործակցությունը: Դա Ադրբեջանի համար արդեն լուրջ առավելություն է: Ու թող որեւէ մեկը փորձի ասել, որ մենք այսօր 100 ուղղաթիռ կարող ենք հակադրել Ադրբեջանին: Էլ չեմ ասում տանկերի, զրահատեխնիկայի եւ մյուս միջոցների մասին: Ադրբեջանն իսկապես լուրջ ռազմական առավելություն է ձեռք բերել»,- ասում է մեր զրուցակիցը` նկատելով, որ եթե նոյեմբերին Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որեւէ կասկած չկա, որ Ադրբեջանի ձեռքերն ազատ կլինեն` ԼՂՀ-ի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու հարցում:

Նա հիշեցնում է, որ որեւէ երկրի որեւէ պաշտոնյա խոսելով Հայաստանի անվտանգության մասին, երբեւէ չի ասել, որ ՀՀ-ն իր մեջ ներառում է նաեւ ԼՂՀ-ն: Հակառակը, վերջին շրջանում եւ ռուսաստանյան, եւ արեւմտյան քաղաքական գործիչները հստակ ընդգծել են, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ որեւէ իրավական առնչություն չունի ու այնտեղ կան տարածքներ, որոնք ադրբեջանական են եւ եթե Ալիեւը սկսի այդ տարածքների «ազատագրման» քայլեր անել, մեր զրուցակցի համոզմամբ, ոչ ոք Հայաստանին չի ասելու, որ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ-ի վրա: Նա նկատում է, որ ռուսական զորքը հայկական սահմանները պաշտպանելու է Արաքսի եւ Ախուրյանի ափերին:

Շահվերդյանի համոզմամբ, Հայաստանը նաեւ ԵՄ-ի այլընտրանքը չունի, քանի որ ընտրելով ՌԴ-ի հետ համագործակցության հետագա ընթացքը` նույն Ադրբեջանի ձեռքերով հարված կստանա Արեւմուտքից: «Հայաստանն այսօր ֆինանսական կախման մեջ է Արեւմուտքից եւ ռազմական կախման մեջ` ՌԴ-ից. Մի կողմից փողի ծորակն է փակվելու, մյուս կողմից` զենքի»,- ասում է ՀԱՍԿ նախագահը` միակ արդյունավետ քայլը համարելով Հայաստանում արագ իշխանափոխությունը. «Եթե Հայաստանի ՀՀԿ-ական իշխանությունները մի փոքր հայրենասեր լինեն` կամովին պետք է հանձնեն իշխանությունը` աչքի առաջ ունենալով 1920 թվականի փորձը: Կամակորությունը եւ համառությունը կբերի հերթական կորուստների: Անկախ իշխանության վերաբերմունքից, բոլոր առողջ ուժերը եւս արագ պետք է ինքնակազմակերպվեն»:

Մեր զրուցակիցը չի բացառում, որ հենց այս տարեվերջին Ադրբեջանի համար բավականին նպաստավոր պայմաններ կստեղծվեն ԼՂՀ-ում ռազմական գործողությունների համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031