Լրահոս
Օրվա լրահոսը

Ալ. Իսկանդարյան. «180 տարի առաջ Ստրասբուրգում ոչ ոք չէր հավատա, որ մի օր մի ընդհանուր երկրում՝ Եվրամիությունում են ապրելու»

Հուլիս 02,2013 17:22

«Այո, դա փաստ է, Ադրբեջանում վստահ են, որ սպառազինությունների մրցավազքի արդյունքում շուտով կսնանկացնեն Հայաստանին: Ես այդ մասին բազմիցս լսել եմ Ադրբեջանում»,-այսօր «Մեդիա-կենտրոնում» իր «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի վերախմբագրված տարբերակով հրատարակմանը նվիրված քննարկման ժամանակ ասաց «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը եւ այդ երկրի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքին:

Ըստ Թ. դե  Վաալի՝ սկսելով այդ մրցավազքը, Ադրբեջանում բերում են Ռոնալդ Ռեյգանի օրինակը, ով կարողացավ երկար տարիներ «տաք պահելով» սառը պատերազմը, թուլացնել ՍՍՀՄ-ը: Վերլուծաբանը կարծում է, որ միշտ չէ, որ այդ մրցավազքն ավարտվում է միայն «սառը պատերազմով», օրինակ, առաջին համաշխարհային պատերազմը սպառազինությունների մրցավազքի արդյունք էր: Դե Վաալը նաեւ ենթադրեց, որ եթե Ադրբեջանում գեներալները ինչ-որ մի պահի ստիպեն իշխանություններին հավատալ, որ իրենք հրաշալի զենքեր ունեն եւ հաղթելու շանսեր, իսկ Հայաստանը թույլ է, գուցե պատարազմ սկսվի, եթե քաղաքական գործիչները լսեն նրանց: Ընդհանրապես, քննարկման ընթացքում դե Վաալը մի քանի անգամ կրկնեց, որ պատերազմի վտանգ, թեեւ փոքր, բայց՝ կա:

Նրա հետ համաձայն չէր քննարկման մյուս մասնակիցը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Պարոն Իսկանդարյանը կարծում էր, որ պատերազմի սկսման նախադրյալներ չկան, թեեւ ինչ-որ չափով համաձայնվեց Վաալի այն մտքին, որ պատերազմը հավանական կլինի որպես հիմարության կամ պատահականության արդյունք, բայց դրա վերսկսման «ռացիոնալ հիմք» չկա:

Պարոն Իսկանդարյանը նաեւ նկատեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտի նման կոնֆլիկտներ աշխարհում շատ կան, ընդ որում, դրանց համեմատ մեր կոնֆլիկտը շատ երիտասարդ է: Նա հիշեց Թայվանի, Քաշմիրի, Պաղեստինի եւ այլ կոնֆլիկտներ, այդ թվում՝ Թոմ դե Վաալին ավելի հոգեհարազատ՝ Իռլանդիայի խնդիրը: Եվ նկատեց, որ եթե այդ տարեց կոնֆլիկտները չեն լուծվում, մեր երիտասարդ հակամարտությունը ինչո՞ւ պիտի լուծվեր:

Նրա կարծիքով՝ պատերազմի հավանականությունը ԼՂ-ի հակամարտության պարագայում գնալով ոչ թե մեծանում է, այլ՝ փոքրանում, եւ այս պրոցեսի շարունակման դեպքում մի քանի սերունդ հետո այնպիսի լուծումներ կարող են գտնվել, որ մեր մտքով հիմա չի անցնում. «Օրինակ, եթե ինչ-որ մի հրաշքով մենք հայտնվեինք 18-րդ դարի Ստրասբուրգում, երբեք չէինք կարող այնտեղի բնակիչներին հավատացնել, որ իրենք ապրելու են մի ընդհանուր երկրում՝ Եվրամիությունում»,-ասաց Ալ. Իսկանդարյանը: Ստրասբուրգի խնդիրը լուծելու համար 180 տարի է պահանջվել, իսկ նրա համեմատ, ինչ Իռլանդիայում արեց Կրոմվելը, Խոջալուում կատարվածը խաղուպար էր՝ շարունակեց համեմատությունները Կովկասի ինստիտուտի տնօրենը:

Խոջալուն նա հիշեց այն բանից հետո, երբ դե Վաալը հայտարարեց, որ «անվիճելի է, որ Խոջալուում հայկական ջոկատները կոտորել են ադրբեջանցիների, ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ՝ զինվորների»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ Քրիստոնյա says:

    Պարոն Իսկանդարյանը մոռանում է, որ մեր դեմ թուրք-ազերիներն են, ոչ թե եվրոպացիներ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031