Երկու-երեք օր է՝ արաբկիրցիների համար անտանելի վիճակ է, փողոցներում շրջող չորքոտանիների` շների, կատուների ու կրծողների համար` քեֆ-ուրախություն: Այս օրերին Արաբկիրի մի շարք թաղամասերում տպավորությունն այնպիսին է, որ աղբահանություն չի կատարվում. օրվա բոլոր ժամերին աղբամանները լեփ- լեցուն են, դրանց շուրջը հակասանիտարական վիճակ, շրջապատով մեկ էլ` աղբահոտ է տարածված:
«Առավոտի» տեսախցիկը Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան փողոցի տարբեր հատվածներում ֆիքսեց աղբով լիքը աղբամաններ, որոնց շուրջը նույնպես մի քանի օրվա աղբ էր կուտակված:
Բանն այն է, որ Արաբկիր վարչական շրջանի մի հատվածի աղբահանությունն իրականացնող «Էկոար» ընկերությունը երեկվանից դադարեցրել է աշխատանքները` ողջ վարչական շրջանի աղբահանությունը թողնելով «Արաբկիր կամար» ընկերության ուսերին: Վերջինս էլ, Արաբկիր համայնքի պատասխանատուների ներկայացմամբ, տեխնիկայի ոչ բավարար լինելու պատճառով, դժվարությամբ է հասցնում մաքրել «Էկոար»-ից ժառանգություն մնացած թաղամասերը:
Արաբկիրի վարչական շրջանի սանմաքրում բաժնից Aravot.am-ին վստահեցրին, որ մոտ օրերս խնդիրը կլուծվի` ասելով, որ այս պահին «Արաբկիր կամար»-ի մեքենաները օրվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ են այցելում աղբ կուտակված հասցեներ. «Ճիշտ է, խնդիրներ առաջացել են, բայց չի նշանակում, որ աղբահանություն չի կատարվում, ուղղակի մի քիչ դժվարություններ կան»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները` Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԻ