Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, «օֆշորային գործով» Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունն այսօր Աղվան Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին:
«Նախաքննական մարմինը արդեն երկու անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Կիպրոս, և հաշվի առնելով, որ Կիպրոսի գլխավոր դատախազը այս օրերին գտնվում է Հայաստանում, և ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, [Հայաստանի] գլխավոր դատախազը նաև առձեռն է փոխանցել այդ միջնորդությունը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում օգնել, նպաստել բարձրացված հարցադրումների պատասխանները ստանալու համար», – այսօր ասաց Գլխավոր դատախազության խոսնակը:
Տռուզյանի խոսքով, գրավոր վերջին՝ երկրորդ, միջնորդությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է 2013 թվականի հունիսի 19-ին: Մինչեւ այդ՝ 2012 թվականի սեպտեմբերին Կիպրոսի համապատասխան մարմինների միջնորդություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը:
Դիտարկմանը, թե Կիպրոսի գլխավոր դատախազը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է լսում այդ միջնորդության մասին, խոսնակն արձագանգքեց․ – «Եթե ես նշում եմ՝ հունիսի 19-ին ուղարկվել է փոստով՝ 11826-12 ելքային համարով, նաև ընդհանուր հարցերով քննարկումներ արդեն իրականացվել են: Եվ այսօր համատեղ քննարկումների ընթացքում այդ հարցը բարձրացվել է գլխավոր դատախազի կողմից և փաթեթը տրամադրվել է Կիպրոսի գլխավոր դատախազին: Հուսով ենք, որ առաջիկայում պատասխանները կուղարկվեն»:
Տռուզյանը չմանրամասնեց միջնորդության բովանդակությունը՝ նշելով միայն, որ այն բավական ծավալուն է:
Ռուզաննա Ստեփանյան