Այսօր «Հենարան» մամուլի ակումբում մարզական լրագրողների միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ոլորտի եւ մարզական լրագրության նրբությունների մասին տարբեր տեսակետներ հնչեցին:
Դավիթ Ջալալյանը հայկական մարզաշխարհում տեղի ունեցող իրադարձությունների քիչ լուսաբանումը պայմանավորեց այսօրվա մեր սպորտի վիճակով: Ըստ նրա, դա է պատճառներից մեկը, որ մարզական կայքերը գերադասում են ավելի շատ տեղ տալ, ասենք, եվրոպական ֆուտբոլային առաջնակարգ առաջնություններին, եվրագավաթների խաղարկություններին: Հնչեց նաեւ այս տեսակետին հակառակ կարծիք, ըստ որի հայկական սպորտն ավելի հանգամանալից լուսաբանելուն խաչընդոտում է այն, որ մեր մարզական ֆեդերացիաների ճնշող մեծամասնությունը չունի մամուլի հետ աշխատող պատասխանատու եւ լրատվամիջոցներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալիս դժվարությունների առջեւ են կանգնում:
Ըստ մեկ այլ տեսակետի էլ, դա գալիս է նրանից, որ լրատվամիջոցներում աշխատող եւ սպորտը լուսաբանող ոչ բոլոր լրագրողներն են պատշաճ տիրապետում ոլորտին, ինչի արդյունքում չեն կարողանում վեր հանել խնդիրները, ճիշտ լուսաբանել այս կամ այն իրադարձությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև