Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Իշխան Զաքարյանը հայկական աշխարհի սրբերից չէ»

Հուլիս 02,2013 16:44

«Պարզ է, որ Իշխան Զաքարյանը հայկական աշխարհի սրբերից չէ: Պատահական չէ նա այդ պաշտոնում հայտնվել: Մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին, մինչեւ հիմա էլ մատուցում է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ «Իշխան Զաքարյանը ապաքաղաքական, ապակուսակցական մարմնի ղեկավար է, բայց Նոր Նորքի ընտրությունները որոշակի իմաստով ու չափերով ղեկավարում է հենց նա՝ իշխանական դաշտի կողմից: Ո՞ւմ համար է դա գաղտնիք: Ինքը միշտ իշխանությունների մեջ լինելով՝ բացառապես իշխանության հրահանգներն է կատարել, որովհետեւ միշտ այդ Նոր Նորքի գործառույթը իրականացրել է: Այնպես որ, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի եւ նրա հարաբերությունները կարող են լինել ֆորմալ, պետական կառավարման զարգացման շրջանակում»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, եթե մեր երկրում ամեն ինչ օրենքով լիներ, լրիվ այլ իրավիճակ կլիներ, դատախազությունն իր գործառույթը կիմանար, թե ինչ պետք է աներ այդ դեպքում, չէր սպասի հրահանգների. «Սերժ Սարգսյանն իր խորհրդակցության ժամանակ չէր ասի գլխավոր դատախազին՝ դու պետք է քո գործն անեիր, ոչ թե զանգեիր Իշխան Զաքարյանին: Եթե մենք իրավական պետության մեջ ապրեինք, ապա ՎՊ նախագահը որեւէ խնդիր չէր ունենա իր բացահայտումները ներկայացնելու առումով, ոչ թե գլխիկոր կնստեր եւ կընդուներ նախագահի հանդիմանությունները: Եթե մենք իսկապես իրավական երկիր լինեինք, ապա մարմիններն անկախ կլինեին իրարից եւ ոչ թե բոլորը նախագահից կախված կլինեին»:

Մեր հարցին՝ ՎՊ նախագահն իսկապե՞ս իր կարծիքն արտահայտելու իրավունք չուներ եւ Ստեփան Մնացականյանի նման միայն պետք է թվեր ասեր՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե ուներ, բայց իրավական երկրում: Բայց նշեցի, որ իրենք հարաբերվում են ոչ թե իրավական հարթությունում, այլ՝ անձնական: Ընդհանրապես մեր ողջ երկրում կառավարման համակարգը տեսնում եք՝ ինչ վիճակում է: Դրա համար էլ միջազգային կառույցներում մեր մոտ կոռուպցիայի ցուցանիշը չի նվազել որեւէ ձեւով, եթե չի ավելանում: Նույնիսկ վերջերս ԱՄՆ դեսպանը դրա մասին նշեց, որ Հազարամյակի մարտահրավերները Հայաստան չի գա, քանի դեռ կոռուպցիայի հետ կապված խնդիրներ կան: Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե Սերժ Սարգսյանի նկատողություններն ամենաքիչը շոու չէ եւ ներիշխանական պարզաբանումներ չի, եթե սա իսկապես բովանդակային քայլեր է ենթադրում, ապա սրան պետք է հետեւի նոր խորհրդարանական ընտրություններ մինիմում եւ մաքսիմում՝ նոր Սահմանադրության ընդունում, որտեղ բոլորովին կառավարման նոր համակարգ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031