Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ դառնալու հավակնություննե՞ր ունի

Հուլիս 02,2013 16:30

«Զինդատախազն իր պարտականությունների կատարումն ի՞նքն է ուսումնասիրում, ինքը պիտի գնահատի, թե ինքը ոնց է աշխատե՞լ: Դա ծիծաղելի է»,- Aravot.am-ի հարցին` արդյոք մասնակցելու է ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնած աշխատանքային խմբի աշխատանքներին, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը, այսպես պատասխանեց «Բանակն իրականում» խմբի անդամ Ծովինար Նազարյանը:
Նշենք, որ ՀՀ զինդատախազությունն այսօր հաղորդագրութուն է տարածել, որում նշված է, որ աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Հատկապես այս փաստը Ծ. Նազարյանի համար անտրամաբանական է, քանի որ զինդատախազ Գևորգ Կոստանյանն իր պաշտոնը ստանձնել է 2011թ. հունվարի 13-ից: Մեր զրուցակիցն այս կապակցությամբ ասաց. «Կարծում եմ, որ որպես վերահսկող մարմին, ՊՆ քննչական ծառայության գործունեությունը վերահսկող, մեղադրանքներ ներկայացնող և դրանք դատարաններում պաշտպանող մարմին, զինդատախազությունը տապալված է, այդ թվում նաև Գ. Կոստանյանի պաշտոնավարման ընթացքում: Այսինքն` նա որոշել է ուսումնասիրել սեփական գործունեության շրջանի աշխատանքները: Իսկ հ/կ-ները վաղուց տվել են զինդատախազության աշխատանքի գնահատականը. այն ուղղակի խայտառակել է իրեն»:
Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցելու հարցին, ապա Ծ. Նազարյանն այս մասին փոխանցեց հետևյալը. «Ես որևէ հ/կ-ում ներգրավված չեմ: Իսկ զինդատախազության հայտարարության մեջ հստակ չափորոշիչներ են տրված, պայման է դրված, որ առնվազն երեք տարի պետք է այս հարցերով զբաղվող լինի և այլն»:
Հետաքրքրվեցինք` աշխատանքային այս խմբի ստեղծման նախաձեռնությունն ի՞նչ սցենար է: Ծ. Նազարյանը պատասխանեց. «Որոշակի կռահումներ ունեմ: Դրանք կապված են այն բանի հետ, որ հիմա լրանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը, և հնարավոր է՝ այդ տեղը թափուր մնա, և Կոստանյանն իր համար տեղ է պատրաստում: Այս ամենին գումարած այն հանգամանքը, որ Լիսկայի տան միջադեպի հետ կապված քննությունը Կոստանյանին են հանձնարարել, և դա իր լոյալության ստուգատեսը կլինի իշխանությունների մոտ: Կարծում եմ` ինքն իր կարիերայի առաջընթացի հարցերն է լուծում` որպես ապագայում ՀՀ գլխավոր դատախազ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Վարդինե Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031