Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցը հայտնի է իր նվաճումներով: Այդ կրթօջախը 2004 եւ 2005 թվականներին ունեցել է 4-ական, 2006-ին՝ 3 ոսկե մեդալակիր շրջանավարտ: Համացանցում հայտարարություն է տարածվել այդ դպրոցի համար ծրագրային գրականություն հանգանակելու մասին:
Ֆեյսբուքում տարածված հայտարարության մեջ նշվել է, որ սահմանամերձ Բերդավանի դպրոցին անհրաժեշտ են Շիրվանզադեի «Քաոս», «Պատվի համար», «Նամուս», Նար-Դոսի «Մեր թաղը», Բակունցի տպագիր բոլոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ՝ Զոհրապի, Մեծարենցի, Դուրյանի, Վախթանգ Անանյանի, Խնկո-Ապոր, Ղազարոս Աղայանի, Մուշեղ Գալշոյանի գրքերը, տարբեր ժողովուրդների հեքիաթներ, մանկական, բայց ոչ՝ նախադպրոցական գրականություն:
Բերդավանի դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանին հարցրինք, թե ինչպե՞ս է, որ դպրոցն ունի 2 գրադարանավար, սակայն՝ քիչ գրականություն: Նա ասաց, որ 2 գրադարանավարներն աշխատանքի են ընդունվել նախկինում, մինչեւ իր պաշտոնավարելը: Գրադարանավարներից մեկը պատասխանատու է դպրոցում առկա ուսումնական, մյուսը՝ գեղարվեստական գրականության համար: Նրանցից մեկը նախկինում ստացել է նվազագույն աշխատավարձի, լրիվ դրույքի չափով աշխատավարձ, մյուսը՝ նվազագույն աշխատավարձի, 0,75 դրույքի չափով: Ա. Ասատրյանն ասաց, որ իր կողմից 2 գրադարանավարների ռոճիկը հավասարեցվել է, այժմ նրանցից յուրաքանչյուրը ստանում է նվազագույն աշխատավարձի 0,75 տոկոսի չափով: Տնօրենը հայտնեց, որ իրենց զանգահարել է հասարակական մի կազմակերպության ներկայացուցիչ, տեղեկացել, թե դպրոցն ինչ գրքերի կարիք ունի: Տնօրենի խոսքերով՝ առաջիկայում այդ հ/կ-ն նվիրաբերված գրքերը կտեղափոխի Բերդավանի դպրոց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ