Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կանչել էր «ռազբորկայի»

Հուլիս 02,2013 16:00

«Ոգեւորված Իշխան Զաքարյանը դուրս էր եկել իր համար նախապես գծված սահմաններից», իսկ վարչապետին «ուղարկեցին կառափնարան»

Շաբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ «սխալ եւ անհեռատես» համարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունները: Ուշագրավ էր, որ այդ հայտարարությունները՝ 2012 թվականի պետական բյուջեի 70 տոկոս չարաշահումների մասին, վերջին մեկ ամսում դարձան անգամ ՀՀԿ-ականների քննադատության առարկա: Կուսակիցների հետ նախագահ Սարգսյանն ասաց, որ դեռ կքննարկի այդ հարցերը, իսկ մինչ այդ նախատինքի իր խոսքերն ուղղեց ՎՊ նախագահին. «Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռեւիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները եւ ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում»: Դիմելով Իշխան Զաքարյանին՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգեւորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես՝ խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար»: Հիշեցնենք, որ խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում հայտարարել էր, թե խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իր հաշվետվությունների նյութերը չի ուղարկում դատախազություն, Իշխան Զաքարյանն անկեղծացել եւ ասել էր, թե չի վստահում դատախազությանը: ՎՊ նախագահն, իհարկե, մեկ բառով հերքեց այդ հայտարարությունը՝ ասելով, որ նման բան չի եղել: Բայց, ինչպես ասում են հայտնի հումորում՝ գողոնը գտնվելուց հետո անգամ կասկածները չվերացան:

«Առավոտի» հետ զրույցում «Իրավունքի եւ ազատության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանն անդրադառնալով այս խորհրդակցությանը եւ Իշխան Զաքարյանին, այսպես ասած, անարգանքի սյունին գամելուն եւ արձագանքելով մեր դիտարկմանը, որ այդ բացահայտումները հրապարակելիս դե ֆակտո անկախ ՎՊ նախագահը դժվար թե ինքնուրույն գործած լիներ, ասաց. «Ես չգիտեմ, թե ինչո՞ւ, ո՞ւմ հանձնարարությամբ, ո՞ւմ հավանությամբ եւ ո՞ւմ համար էր իր պաշտոնավարման ընթացքում հսկայական ունեցվածք դիզած, կոռուպցիոների աղաղակող օրինակ հանդիսացող ՎՊ նախագահը իր զեկույցը կազմել: Նաեւ չգիտեմ, թե ի՞նչ կամ ո՞ւմ խնդիրն էր նա լուծում: Բայց հստակ կարող եմ ասել, որ արդեն պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում, բացի Սերժ Սարգսյանից,  ոչ ոք իրավունք չունի կոռուպցիայից խոսելու: Սա է Սերժ Սարգսյանի տեսակետը: Ըստ էության, իր ելույթում նա մի կողմից՝ իր պաշտպանության տակ առավ Տիգրան Սարգսյանին, իսկ մյուս կողմից՝ հրապարակավ հայտարարեց, որ մեծ չարաշահումների մասին, կոռուպցիայի մասին, պատասխանատու պաշտոնյաների մասին խոսելու իրավունք ունի միայն ինքը: Նա հստակ հայտարարեց, որ Իշխան Զաքարյանը եւ մյուսները կարող են խոսել մանր գողությունների, մանր չարաշահումների, մանր ու անհասցե կաշառակերությունների մասին, բայց իրավունք չունեն օգտագործել այնպիսի տերմիններ, որոնք կարող են վկայել կազմակերպված լուրջ հանցագործությունների, բյուջեի փոշիացման եւ համընդհանուր կոռուպցիայի մասին: Ըստ էության նաեւ պարզ էր, ոգեւորված Իշխան Զաքարյանը դուրս էր եկել իր համար նախապես գծված սահմաններից: Իրենց սահմաններից դուրս էին եկել նաեւ պառլամենտական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Եվ Սերժ Սարգսյանը նրանց բոլորին հիշեցնում էր իր կողմից նրանց համար գծված սահմանների մասին»:

Իսկ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն արձագանքելով մեր դիտարկմանը՝ նախագահը, ով ամիսներ առաջ կոչ էր անում «գլխից բռնել», ինչո՞ւ վրդովվեց ՎՊ-ի բացահայտումներից, ասաց, որ իր համոզմամբ՝ նախագահի հարցադրումները բացարձակապես չէին համապատասխանում նախագահական ինստիտուտի վերահսկող ֆունկցիաներին. «Նախագահը կառավարությանն ու վարչապետին չի հարցնում՝ ինչո՞ւ ՀՀ բյուջեն չի անցնում մեկ միլիարդից, այն դեպքում, երբ 1,5 միլիոնանոց Էստոնիան տարեկան 12 միլիարդ բյուջե է ունենում»: Մարքսիստին վրդովեցնում է, այն իրողությունը, որ բյուջեն թալանվում է «էն գլխից՝ եկամտային մասից՝ ստվերացնելով փող բերող աղբյուրները, ու 5-6 միլիարդի փոխարեն ընդամենը մեկ միլիարդ բյուջե ենք ունենում»: Իշխան Զաքարյանին ուղղված նախագահի դիտողությունների հետ էլ, որոնք, ըստ նրա, «քսիֆ տանող-բերողի» ֆունկցիա են ենթադրում, համաձայն չէ, քանի որ. «ՀՀ պետական մեքենան զրկված է ֆինանսական մոնիտորինգի ինստիտուտից: ՌԴ-ում Պուտինը դա արդեն ստեղծեց, այլ պետություններում էլ կա, որը վերահսկում է ներքին թափառող կապիտալի արտահոսքը դեպի դուրս: Պետք է ստուգվի՝ ուր է գնում այդ կապիտալը՝ օֆշորային գոտու լվացման պրոցեսնե՞ր, թե՞ ապրանք դարձած վերադառնում է Հայաստան»: Այս ամենը մեր զրուցակիցը համարում է պետական մեքենայի արատավոր, ոչ կատարյալ գործունեության արդյունք՝ պետությանը զրկելով անգամ ներքին շուկայից առանց միջանկյալ օղակների, առաջին ձեռքից առեւտուր անելուց, նույնիսկ բանակի համար: ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության շուրջ առաջացած այս աղմուկը, ըստ Դավիթ Հակոբյանի, ցույց է տալիս, որ Հայաստանի երրորդ հանրապետությունում առկա է խորը գաղափարական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական ճգնաժամ, ինչը հանգեցրել է նրան, որ «իշխանության երեք թեւերը դուրս են եկել իրար դեմ՝ ռազբորկայի»: Մարքսիստը համոզված է, որ այս ճգնաժամը պահանջում է իշխանափոխություն: Ավելին՝ կարծում է, որ աշնանն այն կիրականացվի. «Իշխանությունը չգիտի՝ ինչ անել, ինչ տակտիկա եւ ստրատեգիա ընտրել: Իսկ նման իշխանությունն անելիք չունի»:

Այս ամենի ֆոնին անդրադառնալով վարչապետի օֆշորային սկանդալին եւ Կիպրոսի գլխավոր դատախազի՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արած այն հայտարարությանը, որ ՀՀ գլխավոր դատախազն իրեն տրամադրելու է նյութերը, եւ իրենք մանրամասն կուսումնասիրեն դրանք, մարքսիստն ասում է. «Երկրորդ ջութակին կառափնարան ուղարկեցին. դա ավելի վտանգավոր քայլ էր, քան շաբաթ օրվա ռազբորկան»: Հղում անելով Մարքսին՝ Դավիթ Հակոբյանը հիշեցնում է, որ ներդրումների համար, այդ թվում նաեւ օֆշորային գոտիներ գնացած կապիտալը վերադարձնելու համար պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ապահովի, «կրիմինալ ռազբորկաներով» դրանք բերել հնարավոր չէ: Այս զարգացումների արդյունքում մարքսիստն աշնանը չի բացառում նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե ժողովուրդը,՝ խելք ու համարձակություն չունի համախմբվելուՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ շուրջ, ապա
    մյուս տարբերակը,՝ երկրի առաջին դեմքերին փոխանակել Կոշի գաղութի նույն կաստայով: Գոնե
    նրանց մոտ թասիբ կլինի գողանը ետ բերելու, մի քիչ էլ ժողովրդին փայ հասցնելու:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031