Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ անգլիացի վերլուծաբանի՝ «պատերազմ չենք ուզում, բայց ոչինչ չենք զիջի» հայկական տեսակետը ագրեսիայի մի տեսակ է

Հուլիս 02,2013 15:54

«Իհարկե, երբ կարդում ես Ադրբեջանի նախագահի ելույթները, տեսնում ես, որ դա ագրեսիայի լեզուն է, բայց վստահեցնում եմ ձեզ, Ադրբեջանում մարդիկ հավաքվում են, զրուցում են, եւ Ղարաբաղի հարցը այդ զրույցներում ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ հինգերորդ տեղում է: Այո, այդ հարցը քաղաքական դիսկուրսի մասերից է, բայց չէի ասի, որ Ադրբեջանում հասարակությունը եռում է, փրփրում է եւ անհամբեր սպասում է նոր պատերազմին: Այո, նոր սերունդն ավելի ագրեսիվ է մեծանում, քան իրենց պապերը եւ հայրերը, դա պարզ է, բայց ես կասեի, որ հայ հասարակությունը նույնպես ագրեսիվ է՝ պասիվ ագրեսիվ է: Ես նկատի ունեմ, որ հայերը հաղթել են պատերազմում, եւ հիմա, երբ ասում են՝ խաղաղություն ենք ուզում, բայց ոչ մի թիզ հող չենք զիջի, դա էլ է ագրեսիա»,-սա ղարաբաղյան խնդրի վերաբերյալ թերեւս ամենահայտնի՝ «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալի կարծիքն է, որը նա ներկայացրեց այսօր՝ այդ գքրի վերախմբագրված տարբերակի հրատարակության առթիվ կազմակերպված քննարկման ժամանակ, որը տեղի ունեցավ Մեդիա կենտրոնում՝ այդ կենտրոնի եւ «Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի» նախաձեռնությամբ:

Բնականաբար, Ղարաբաղի հարցի լուծումը մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ պետական մակարդակով հերոսացումից հետո, լրիվ այլ կերպ է ընկալվում, քան մինչ այդ: Սակայն, ըստ Թոմաս դե Վաալի՝ «Սաֆարովը բոլոր ադրբեջանցիների համար հերոս չի: Այո, նա շատերի, ես կասեի՝ չափից դուրս շատերի համար հերոս է, բայց ես նաեւ գիտեմ մարդկանց, որոնց համար տեղի ունեցածը ուղղակի սարսափ է»: Դե Վաալը կարծում է նաեւ, որ Ադրբեջանի իշխանություններն էլ ուշացումով, բայց հասկացան, որ Սաֆարովի հերոսացումը հիմարություն էր, դրա համար էլ հիմա մարդասպանը «կորել է», նրա մասին այլեւս չեն խոսում:

Թոմաս դե Վաալը չի տեսնում որեւէ տարբերակ, որի արդյունքում միջազգային հանրությունը կճանաչի Ղարաբաղը, քանի որ Ադրբեջանը շատ ուժեղ երկիր է եւ  թույլ չի տա դա. «Գուցե ինչ-որ հեռավոր երկիր, ասենք, Ուրուգվայը, ճանաչի, ինչպես Վենեսուելան ճանաչեց Աբխազիայի անկախությունը, բայց դա էլ է քիչ հավանական»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031