Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ պետք է խաղաղության հույս ունենալ, բայց պատրաստվել պատերազմի»

Հուլիս 02,2013 15:52

Ըստ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի՝ հենց այս սցենարին են նախապատրաստվում բոլորը

– Օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում  անդրադառնալով Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու ՌԴ ռազմավարությանը՝ նշեց. «Դա բիզնես է», իսկ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ  տարածաշրջանի համար մի կողմից՝ Ադրբեջանին շուրջ 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքը, մյուս կողմից՝ Ադրբեջանի շարունակական բնույթ կրող ագրեսիվ հռետորաբանությունը, նկատեց. «Հայաստանը անհանգստանալու պատճառ չունի»: Պարոն Սկակով, ՀՀ քաղաքացիների համար մտահոգիչ է փաստը, որ Ադրբեջանին զինում է ՀՀ ռազմավարական դաշնակիցը… Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են իրատեսական մեզ մոտ առկա անհանգստություններն այս առումով:

– Կարծում եմ՝ անհանգստության պատճառներն իրական են, քանի որ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում բարդանում է: Բայց այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պայմանավորվածությունը զինտեխնիկայի մատակարարման շուրջ ձեռք էր բերվել ոչ այսօր, ոչ երեկ։ Այսինքն՝ պետք է եզրակացնել, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել այն ժամանակ, երբ դեռ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ինտենսիվ համագործակցության եւ փոխգործակցության շուրջ շփումներ էին ընթանում, այսինքն՝ շուրջ մեկուկես, երկու տարի առաջ: Իսկ այժմ իրականացվում է այն, ինչ այն ժամանակ է ստորագրվել, իսկ խախտել այդ պայմանավորվածությունները, որպեսզի Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները լարվեին, կարծում եմ՝ հազիվ թե իրատեսական քայլ լիներ։ Ես չեմ կարծում, թե դրանք այսօր ձեռք բերված պայմանավորվածություններ են, որովհետեւ Գաբալայի հետ կապված սկանդալից հետո չի բացառվում, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ռազմական համագործակցությունը իջել է ավելի ցածր մակարդակի, քան նախկինում էր:

– Տեղեկություններ եղան այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան են բերվել «Իսկանդեր-M» համալիրներ, որոնք ունակ են ավելի քան 400 կմ հեռահարությամբ ոչնչացնել նշանակետը: Պարոն Սկակով, նախ՝ որքանո՞վ եք Դուք այս տեղեկությունը իրականությանը մոտ համարում, եւ բացի այդ՝ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, եւ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, որքանո՞վ է նպաստում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը՝ զենք մատակարարելով հակամարտության կողմերին:

– Նախ՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, եւ այստեղ համագործակցությունն ավելին է, մյուս կողմից՝ նաեւ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, պետք է տարանջատել՝ ՌԴ-ն որպես միջնորդ եւ ՌԴ-ն՝ որպես դաշնակից: Եղավ տեղեկատվություն այն մասին, որ  Ռուսաստանից Հայաստան են բերվել «Իսկանդեր-M» համալիրներ, բայց ինձ համար անհասկանալի է, թե դրանք ինչ ճանապարհով են բերվել Հայաստան, ինչ մեխանիզմով: Հնարավոր են տարբերակներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, եւ դրանք չեն էլ քննարկվի ԶԼՄ-ներում, բայց ես կարծում եմ, որ դա կարող է լիովին համապատասխանել իրականությանը, որովհետեւ տարօրինակ կլիներ այդ մասին տարբեր մակարդակներով հայտարարություններ լսել եւ ոչինչ չանել: Կարծում եմ, որ այդ համակարգերի մատակարարումը լրացուցիչ ապացույց է այն մասին, որ իսկապես իրավիճակը տարածաշրջանում բարդանում է, իրականում Ադրբեջանը շատ ակտիվ զինվում է եւ չի թաքցնում, որ հակամարտության ռազմական լուծում է դիտարկում, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները վատացել են, եւ Մոսկվայում, հնարավոր է, որոշում է ընդունվել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել՝ հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկման դեպքում:

Բանն այն է, որ ներկա իրավիճակի կարգավորմամբ զբաղվող միջնորդներին ամենեւին չի խանգարում միջամտություն ցուցաբերել այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորումը հայտնվել է փակուղում, եւ այն ժամանակ, երբ դիվանագիտության համար միջոցները սպառվում են: Եթե կան հնարավորություններ՝ դրանում կլինի դիվանագիտության ուժը: Կարծում եմ՝ հենց այս սցենարին է նախապատրաստվում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ բոլորը՝ ԵՄ երկրները։ Այդ իսկ պատճառով միշտ պետք է խաղաղության հույս ունենալ, բայց պատրաստվել պատերազմի:

– Պարոն Սկակով, նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ակնկալվում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաեւ Ազատ առեւտրի գոտու պայմանագիրը: Հայաստանում որոշ փորձագետների կարծիքով՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումները՝ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջեւ՝ դեպի ռուսաստանյան նախաձեռնություն՝ Մաքսային միությո՞ւն, թե՞ դեպի ԵՄ: Առհասարակ, Ձեր կարծիքով՝ գոյություն ունի՞ նման երկընտրանք, թե՞ դրանք իրար համեմատելի կառույցներ չեն:

– Ընդհանրապես երկընտրանք այդտեղ չեմ տեսնում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ եթե խոսում ենք Եվրասիական միության կամ Մաքսային միության մասին եւ այդ կառույցներում Հայաստանի լիիրավ անդամակցության  մասին, ապա չպետք է մոռանալ, որ Մաքսային միությունը կա, բայց Եվրասիական միությունը դեռ ծրագիր է, ոչ ավելին: Այդ իսկ պատճառով դժվար է խոսել մի կողմից՝ Եվրոպական միության ծրագրերի մասին՝ իր առավելություններով եւ թերություններով, եւ Եվրասիական միության՝ առայժմ չձեւավորված ծրագրերի միջեւ մրցակցության մասին: Մյուս կողմից՝ Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության մասին խոսք չի գնում։ Ավելին, ԵՄ պատասխանատուները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Հարավային Կովկասի, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ ԵՄ-ի անդամակցության մասին խոսք լինել չի կարող: Ամեն դեպքում մասնավորապես Հարավային Կովկասում մարդիկ հույս են հայտնում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունների մասին: Կարծում եմ՝ Հայաստանում բոլոր հույսերը՝ կապված ԵՄ-ին անդամակցելու շուրջ, չափազանցված են, այդ անդամակցությունը չի լինի: Իսկ խոսակցությունները անդամակցության շուրջ կարծես «զիզի-բիզի» բաներ լինեն, այսինքն՝ Հայաստանը եւ մյուս երկրները կորցնում են ինքնիշխանությունը, հրաժարվում են այլ կառույցների անդամակցության հնարավորությունից, այդ թվում եւ՝ Մաքսային միությանը, իսկ դրա փոխարեն ընդհանուր առմամբ ոչինչ չեն ստանում, որովհետեւ Ազատ առեւտրի գոտին, իհարկե, լավ բան է, բայց երբ ունես ինչ-որ բան առուծախի համար: Իսկ հայկական փոքրաթիվ արտադրանքին այդ շուկա մտնելը, մեղմ ասած, բավական բարդ կլինի: Իսկ եթե հաշվի առնենք առավելությունները, ապա, իհարկե, կարելի է առավելություն համարել վիզաների դյուրացման գործընթացը, սա կարելի է շոշափելի ձեռքբերում համարել, մինչդեռ մնացածը միայն խոսակցություններ են։ Այսինքն՝ նախկին ԽՍՀՄ երկրներին մի տեսակ գայթակղում են Ռուսաստանից նրանց ավելի հեռացնելու տարբերակներով՝ դրա դիմաց ոչինչ չտալով: Իսկ ԵՄ-ն չի կարող որեւէ բան առաջարկել, որովհետեւ գտնվում է խորը ճգնաժամի մեջ, եւ անհասկանալի է առհասարակ նրա ապագան:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031