«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հուլիսի 17-ին բռնարարքների գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր եկել «Հարսնաքար» համալիրի պահակ Խաչատուր Սարգսյանը: Նա հայտնեց, որ այդ օրը առավոտյան 9.30-ից աշխատել է մինչեւ հաջորդ օրը՝ 24 ժամ: Աշխատանքային գրաֆիկն է՝ 1 օր աշխատում էր, 2 օր տանը, եղել է շրջիկ պահակ եւ իր խնդիրն է եղել շրջել տարածքում, պատասխան տալ գողության համար: Պատասխանելով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին, նա տեղեկացրեց, որ 4 տարի է՝ աշխատում է որպես պահակ, համալիրում կա 2 պահակակետ, կան նաեւ փոքրիկ պահակակետեր, որոնցից չեն օգտվում:
Վկան չհիշեց՝ տեսախցիկներ եղել են տարածքում, թե ոչ, թեեւ նախաքննության ընթացքում ասել էր, որ եղել է, սակայն որ ուղղությամբ է նկարահանում՝ տեղյակ չէ:
Այս վկան նաեւ տեղեկացրեց, որ դեպքի օրը տեսել է Ռուբեն Հայրապետյանին մեկ անգամ, լույս էր եւ նա եղել է իր մեքենայով: Վկան հայտնեց, որ ուշադիր չի եղել, թե Ռուբեն Հայրապետյանի վարորդը կա՞ր, թե՞ ոչ:
Վկան այդ օրը տեղի ունեցած վիճաբանության մասին իմացել է հաճախորդներից մեկից, իսկ հաջորդ օրն էլ իմացել է, որ Գարիկին տարել են ոստիկանություն: Այս վկան նաեւ նախաքննության ժամանակ հայտնել էր, որ համալիրում եղել է Սերոբ անունով պահակ, իսկ դատարանում ընդամենը հիշեց երկու պահակի անուն՝ բացառությամբ Սերոբի:
Կարդացեք նաև
Մեղադրող Արթուր Դավթյանի հարցին էլ, թե իր հերթապահության օրը արդյոք տեսե՞լ է հավաքարարներին, պահակն ասաց, որ չի տեսել:
Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին, թե իրեր գտե՞լ է ավտոկայանատեղիում, վկան պատասխանեց՝ ոչ:
Այն հարցին, թե ինչո՞ւ է կրկնվում ձեր ցուցմունքը ձեր գործընկերոջ ցուցմունքին, երբ առանձին եք հարցաքննվել, պաշտպանական կողմը առարկեց, ինչը ընդունվեց դատարանի կողմից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ