Լրահոս
Օրվա լրահոսը

Սնոուդենը ապաստան է հայցում Ռուսաստանում և այլ երկրներում

Հուլիս 02,2013 15:44

«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան դա «հուսահատ քայլ» է որակում:

Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանի տրանզիտային բաժնում գտնվող ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին պայմանագրային աշխատող Էդուարդ Սնոուդենը քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Ռուսաստանի և ևս 20 երկրի, այդ թվում Չինաստանի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Վենեսուելայի իշխանություններին։

New York Times-ի փոխանցմամբ, այդ տեղեկությունը հաստատել է WikiLeaks-ի ներկայացուցիչ Սարա Հարիսոնը, ով ուղեկցում է Սնոուդենին և հանդիսանում է նրա վստահված անձը։

Ամերիկացու դիմումը փոխանցվել է օդակայանում գտնվող Ռուսաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական բաժին։

«Դա հուսահատ քայլ է, որին Սնոուդենը դիմել է այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվել է նրան ապաստան տալ։ Իր դիմումում Սնոուդենը պնդում է, որ դավաճան չէ, և ամերիկյան գաղտնի ծառայությունների գործողությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը բացատրում է դրանց ապօրինությունն աշխարհին ցույց տալու անհրաժեշտությամբ», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մի անանուն պաշտոնյա։

«Նա ցանկանում է ապացուցել, որ գաղտնի ծառայությունները խախտել են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետությունների քաղաքացիների իրավունքները», – ավելացրել է պաշտոնյան։

Եթե ռուսական կողմը բավարարի Սնոուդենի դիմումը, ապա նրան կտրամադրեն անհրաժեշտ փաստաթղթեր և կընձեռեն օդակայանի տրանզիտային գոտուց պետական սահմանը հատելու և Ռուսաստանի Դաշնության տարածք օրինական կարգով մուտք գործելու հնարավորություն։

Սնոուդենի ճակատագրի մասին է արտահայտվել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե նա ուզում է այստեղ մնալ, ապա կա մի նախապայման։ Որքան էլ դա տարօրինակ կհնչի իմ շուրթերից` նա պարտավոր է դադարեցնել մեր ամերիկացի պարտնյորների շահերին վնաս հասցնող գործունեությունը։ Նա իրեն իրավապաշտպան է համարում, մարդու ազատությունների ջատագով, այլախոհ, եթե կուզեք` մի նոր Սախարով, ճիշտ է՝ ուրիշ մակարդակի, ուստի դժվար թե դադարեցնի իր քայլերը, ուրեմն, պետք է իր համար մի երկիր գտնի և տեղափոխվի։ Թե երբ դա կլինի՝ ես, դժբախտաբար, չգիտեմ», – ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Էդուարդ Սնոուդենը ռուսական պատկան ծառայությունների հետ կապ չունի։

«Նա մեր գործակալը չի եղել, մեզ հետ չի համագործակցել, այդ առումով նա ազատ մարդ է։ Մենք երբևէ ոչ մեկին չենք արտահանձնել, մեզ էլ չեն արտահանձնել, լավագույն դեպքում մենք փոխանակել ենք մեր արտաքին հետախուզության ծառայողներին նրանց հետ, ովքեր այստեղ ձերբակալվել և դատապարտվել են», – ասել է Պուտինը։

ԱՄՆ-ի իշխանությունները հունիսի 23-ին չեղյալ են հայտարարել Էդուարդ Սնոուդենի անձնագիրը։ Նույն օրը նա Հոնկոնգից «Աէրոֆլոտ»-ի չվերթով մեկնել է Մոսկվա։

30-ամյա Սնոուդենը հրապարակել է բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ամերիկացիները գաղտնալսել և գաղտնընթերցել են Եվրամիության և այլ դաշնակից երկրների ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակները։ Այդ սկանդալի հետևանքով ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերություններում լարվածություն է գոյացել։

Արմեն Քոլոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031