Լրահոս
Օրվա լրահոսը

Թագավորն ընտրված կենա

Հուլիս 02,2013 15:41

Ահա եւ սկսվեց ամռան սատկած ու տափակ ամիսներից մեկը, երբ քաղաքակիրթ երկրներում սովորաբար ոչինչ չի կատարվում… Եթե, իհարկե, այդ քաղաքակիրթ երկրներից մեկում չպարզվի, որ եւս մի բարձրաստիճան պաշտոնյա օֆշորային գոտում բանկային հաշիվ ունի, ընդ որում՝ իրենից բոլորովին անկախ, կամ որ այդ երկրի հալալ ռազմավարական գործընկերը եւս մի միլիարդ դոլարի զենք չի վաճառել այդ նույն երկրի երդվյալ ռազմավարական հակառակորդին:

Բայց ինչու ենք վատ բաներից խոսում: Այս ամիս աշխարհում սպասվում է առնվազն մի ուրախալի իրադարձություն՝ հայտնի երեխա է ծնվելու:  Խոսքն, իհարկե, թագավորական մանկան մասին է: Արդեն հայտարարվել է, թե երբ է լույս աշխարհ գալու արքայազն Ուիլյամի եւ Քեթրին Միդլթոնի բալիկը՝ հուլիսի 13-ին… Թեեւ շատերը հիշում են պատմությունը՝ 1982 թվականին հայտարարվել էր, որ նույն Ուիլյամի մայրը կծննդաբերի հուլիսի 1-ին, բայց իշխանուհի Դիանան բոլորին խաբեց ու արեց դա ուղիղ 10 օր առաջ՝ հունիսի 21-ին: Բայց, բնականաբար, ստույգ ամսաթիվը որեւէ նշանակություն չունի՝ աշխարհը պատրաստվում է այդ ուրախալի իրադարձությանը՝ նույնիսկ հեռավոր Ավստրալիայի արդեն նախկին վարչապետ Ջուլյա Գիլարդը  կառավարության նիստերից  հետո տանը նստած  խաղալիք կենգուրու էր գործում ապագա փոքրիկի համար… Ու չեք հավատա, բայց խեղճ վարչապետն այդ անմեղ զբաղմունքի համար միանգամից էլ հարձակումների է ենթարկվել՝ «Բա չէ՞ որ դուք կողմնակից էիք, որ Ավստրալիայում հանրաքվե անցկացվի, որ հանրապետություն դառնանք, եւ բրիտանական թագուհին այլեւս մեր պետության պաշտոնական ղեկավարը չլինի»… Ու բանը նրան հասավ, որ այդ կինն անցած շաբաթ հրաժարական տվեց… Իհարկե, ոչ՝ թագավորական ընտանիքի նոր անդամի համար կենգուրու գործելու պատճառով, բայց, ինչպես տեսնում եք՝ բրիտանական թագուհու գահակալությունը Ավստրալիայում միանշանակ չի ընդունվում:

Այս առիթով մեզ մոտ ոմանք ճիշտ հակառակն են առաջարկում՝ իսկ ժամանակը չէ՞ արդյոք, որ մենք՝ հայաստանցիներս, մտածենք թագավոր կամ թագուհի ունենալու մասին: Առաջին հայացքից սա, իհարկե, կարող է շատ անսովոր ու տարօրինակ թվալ, բայց քանզի մենք բավական համաշխարհային եւ օրիգինալ ժողովուրդ ենք, կարծում եմ, այնուամենայնիվ, ոչ կոնվենցիոնալ որոշումների իրավունքն ունենք: Համաձայնեք, դա միանգամից շատ պրոբլեմներ կլուծեր: Նախ՝ պարզապես կունենանք թագավոր, ինչը դարերով չենք ունեցել: Կամ ավելի լավ է թագուհի՝ դա եւս մի դրական կողմ ունի՝ միանգամից կփակենք նրանց բերանը, ովքեր պնդում են, թե մենք երկրի կառավարման բնագավառում գեղեցիկ սեռին արժանի տեղ չենք հատկացնում: Դա ինքնըստինքյան պլյուս է: Բայց եթե թագավոր լինի, էլի ոչինչ: Միանգամից կդառնանք սահմանադրական միապետություն եւ անմիջապես կլուծենք նաեւ նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական համակարգի անլուծելի հարցը, որի շուրջ վիճում ենք անկախության հռչակումից ի վեր: Փոխանակ մտածենք արդար ընտրությունների մասին…

Ի դեպ, նորմալ ընտրությունների հարցն էլ անմիջապես կլուծենք: Որովհետեւ առաջարկվում է թագավորին ընտրել հենց հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ, բնականաբար՝ նախագահի փոխարեն: Հիմա կասեք՝ բայց որտե՞ղ եք տեսել, որ թագավորին ընտրեն: Բա ինչ անենք… Ասենք՝ հայտարարում ենք, թե կրկին, ինչպես դարեր առաջ, թագավո՞ր ենք ուզում ունենալ… Հիմա պատկերացրեք նաեւ, թե աշխարհի տարբեր ծայրերից որքան թեկնածուներ են հայտնվելու, որոնք փաստաթղթերով ապացուցելու են, որ հենց իրենք են Տիգրան Մեծի կամ Աշոտ Երկաթի անմիջական ժառանգները:  Պատկերացրեք, թե ինչ տիտանական աշխատանք է սպասվում Տիգրան Մուկուչյանի գլխավորած Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այդ փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար, հետո չգրանցված թեկնածուները դատի են տալու, այնուհետեւ բողոքարկելու են վերին ատյանի դատարաններում, հետո թեկնածուների միջեւ կռիվներ՝ ինչպես անորսալի վրիժառուների մասին հայտնի կինոնկարում, հետո իրար դեմ մահափորձեր՝ ինչպես… Լավ, շատ խորացանք: Մի խոսքով, համաձայնեք՝ եթե այդպես վարվենք, երբեք էլ թագավոր չենք ունենա:

Հենց այդ պատճառով էլ Հայաստանի ռազմավարական հետազոտությունների բազմաթիվ կենտրոնների առաջատար փորձագետներն առաջարկում են թագավոր ընտրել համաժողովրդական քվեարկությամբ՝ մեր բոլորիս մեջից: Այսինքն՝ հայաստանյան ընտրացուցակներում ներառված ԲՈԼՈՐ ընտրողները մեխանիկորեն դառնում են թագավորի թեկնածու: Սփյուռքի՞ հարցը: Ցանկացողները թող գան, օրինական ձեւով ընդգրկվեն մեր ցուցակներում ու դառնան թագավորության թեկնածու: Բա հո միայն հեռվից հայրենիքը սիրելով ու տարին մի անգամ թելեթոններին փող խոստանալով չէ՞: Ուզում եք դառնալ թագավոր, նախ եկեք ու մի քիչ մեզ հետ միասին տանջվեք այս համատարած շոգի ու կոռուպցիայի պայմաններում:

Եթե բոլորս դառնանք թեկնածու, դա միանգամից կլուծի ընտրակաշառքի հարցը՝ թեկնածուն հո կաշառք չի՞ վերցնում, իսկ մենք բոլորս կլինենք թեկնածու: Մյուս կողմից՝ կաշառք բաժանելու պրոբլեմն էլ կլուծվի: Այն քաղաքական ուժերը, որոնք կաշառք են բաժանում, այնուամենայնիվ կմտածեն՝ ինչո՞ւ կաշառք տամ, եթե ընտրվելուց հետո ԹԱԳԱՎՈՐԸ, մեղմ ասած, թքած է ունենալու ինձ վրա, որովհետեւ նա արդեն ԹԱԳԱՎՈՐ է, այլեւս ընտրվելու կամ ինձ լավ աչքով նայելու խնդիր չունի: Իսկի հնարավորություն էլ չի ունենա ինձ լավ աչքով նայելու, որովհետեւ ձեռքին բան էլ չկա: Չէ՞ որ եթե ընտրենք՝ եվրոպական տիպի թագավոր ենք ընտրելու՝ զուտ արարողակարգային, որը ոչ կարող է Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ ինձ լոտ հատկացնել, որով շենք կկառուցեմ ու թոռներիս էլ կապահովեմ, ոչ էլ կարող եմ թագավորի հետ գնալ «Օջախ» կամ «Փարավոն» ու խաշի ժամանակ բարեխոսել, որ կուսակցությանս գործադիր մարմնի անդամին Սյունիքի մարզպետ նշանակի՝ նա պարզապես այդ լիազորությունները չունի:

Կհարցնեք՝ բա այդ ժամանակ ինչի՞ն է մեզ պետք թագավորը: Էդպես մի ասեք: Թագավորը կարող է նշանակել, օրինակ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության խորհրդի անդամներին: Ու միանգամից կտեսնեք, թե ինչպես կփոխվեն հեռուստահաղորդումները: Չէ՞ որ այլեւս կարիք չի լինի բոլոր լրատվական ծրագրերը սկսել թագավորի գործունեության մասին երկարաշունչ հաղորդագրություններով եւ ռեպորտաժներով: Որովհետեւ նախ՝ թագավորը ընտրվելու խնդիր չունի, երկրորդն էլ՝ ի՞նչ գործունեություն: Ե՞րբ եք տեսել, որ աշխարհում որեւէ թագավոր աշխատի՝ կառավարության նիստեր ու խորհրդակցություններ անցկացնի, գործարաններ ու ջրագծեր բացելիս կարմիր ժապավեններ կտրի եւ այլն:

Էստեղ, իհարկե, մի պրոբլեմ կա: Ասենք, հայաստանյան ընտրացուցակներում ընդգրկված բոլոր ընտրողները, իրենց կամքից անկախ, մեխանիկորեն դառնում են թագավորի թեկնածու: Իսկ ընտրացուցակներում, ինչպես պնդում են չար լեզուները, երբեմն ընդգրկված են նաեւ մեռած մարդկանց անուններ: Ու պատկերացրեք, որ այդ մեռածներից մեկն էլ ընտրվում է թագավոր: Բայց հենց սա էլ կստիպի իշխանություններին հանել բոլոր մեռածների անունները: Թե չէ՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչպե՞ս ենք խայտառակվելու աշխարհով մեկ՝ կյանքներումս առաջին անգամ թագավոր ենք ընտրում, իսկ թագավորը մեռած է: Գոնե մերկ լիներ…

Գիտեմ, որ հիմա ոմանք կասեն՝ բա որ հանկարծ մեզանից մեկին առանց հարցնելու ընտրենք, իսկ նա ընտրվելուց հետո հայտարարի՝ «Այ մարդ, չեմ ուզում լինել թագավոր»: Դուք դա լո՞ւրջ եք ասում… Դուք իրո՞ք հավատում եք, որ կա աշխարհում գեթ մի հայ, որը թագավոր չի ուզում դառնալ… Ինչ ասեմ՝ եկեք փորձենք…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031