Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս դե Վաալ. «Պատերազմի վերսկսման հավանականությունը, թեեւ փոքր, բայց կա»

Հուլիս 02,2013 15:29

Այսօր Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» հանրահայտ գրքի տասնամյակի առթիվ գրքի վերահրատարկմանը նվիրված քննարկման ժամանակ, որը նախաձեռնել էին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը և Մեդիա կենտրոնը, Թոմաս դե Վաալը ասաց, որ այն բանից հետո, երբ 2003 թվականին հրատարակվեց իր «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գիրքը, շատ բան է փոխվել, բայց չի փոխվել ամենակարեւորը՝ հակամարտությունը չի լուծվել. «Խնդիրը դեռ կա, վստահության դեֆիցիտը խորացել է, եւ խորանում է»:

Ըստ «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալի՝ երբ ինքը սկսեց «Սեւ այգու» վրա աշխատել, նպատակ ուներ քանդել միֆերն ու կարծրատիպերը, որ կային հայ եւ ադրբեջանական հասարակություններում, ինչպես նաեւ փաստերով, չոր քրոնոլոգիայով պատմել ղարաբաղյան խնդրի մասին: Նա կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը անխուսափելի էր, քանի որ սովետական հնարքը՝ Ադրբեջանի կազմում հայկական ինքնավար մարզ ունենալը, չէր կարող ՍՍՀՄ-ի փլուզումից հետո խնդիր չառաջացնել:

Այն, որ մինչեւ հիմա չի լուծվում հակամարտությունը, ըստ վերլուծաբանի, նաեւ այն բանի արդյունքն է, որ ստատուս քվոն պահպանելու ցանկությունը ուժեղ է, որովհետեւ ամեն տեղ էլ կա փոխադարձ վախը, թե՝ ինչ կլինի, եթե իրավիճակը փոխվի: Նա նկատեց, որ արտաքին աշխարհն այսօր անտարբեր է ղարաբաղյան հարցի հանդեպ. «Շատ ռեսուրսներ են ծախսվել, որպեսզի նոր պատերազմ չվերսկսվի, սակայն ռեսուրսները այնքան չեն, որ ստիպողաբար խնդիրը լուծել տան»: Ւնչ վերաբերվում է ստատուս-քվոյին, Թոմաս դե Վաալը վստահ է, որ չնայած Ադրբեջանը շահագրգռված է, որ այն փոխվի, սակայն այնտեղ էլ հասկանում են, որ եթե ինչ-որ բան այնպես չանեն, մեկ շաբաթում կարող է ամբողջ քսան տարվա ընթացքում ձեռք բերածը՝ տնտեսություն, հարստություն, փլուզվի. «Նրանց ՀՆԱ-ն 1995-ին, երբ ես առաջին անգամ գնացի Ադրբեջան, 3 մլն դոլար էր, հիմա 70 մլն-ից ավելի է: Եթե նրանք պատերազմ սկսեն եւ սխալ հաշվարկած լինեն, այդ ամենը մի շաբաթում կվերանա»:

Իսկ պատերազմի վտանգ Թոմաս դե Վաալը տեսնում է. «Ռիսկեր կան: Նույն Հարավային Օսեթիայում ոչ մեկին պետք չէր պատերազմ, բայց այն եղավ: Կարող է գործել հիմարության ֆակտորը, եթե որեւէ կողմը ճիշտ չհաշվարկի, թե ինչ ռեակցիա կարող է լինել այս կամ այն քայլին, դրան բռնկում կհետեւի: Իհարկե, քիչ է հավանական պատերազմի վերսկսումը, բայց դրա հավանականությունը կա եւ ամեն տարի մեծանում է»:

 Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031