Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում սպառազինության վերահսկողության, Կոսովոյի և այլ խնդրահարույց հարցեր` ԵԱՀԿ նիստում

Հուլիս 02,2013 15:25

Այսօր Վիեննայում Շվեյցարիայի և Սերբիայի արտգործնախարարները ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացրին իրենց նախագահության առաջնահերթությունները: Շվեյցարիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը 2014-ին, իսկ Սերբիան՝ 2015-ին: Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրքալթերն իր ելույթում նշեց, որ չեզոքությունն ընկած է Շվեյցարիայի արտաքին քաղաքականության հիմքում: Առաջնահերթությունների շարքում նա առանձնացրեց կոոպերատիվ անվտանգությունն ու հասարակական երկխոսությունը: Այնուհետև նշեց. «Հնարավոր չէ ապահովել մի երկրի անվտանգություն, եթե մյուսը չունի այդ անվտանգությունը»:

ԱԳ նախարարի համար առաջնահերթությունների շարքում է նաև տնտեսական համագործակցությունը: Նախարարը նշեց, որ ԵԱՀԿ 57 երկրների միջև անվտանգության և համագործակցային դաշտի ապահովումը բազմաթիվ մարտահրավերներ է առաջացնում:

Առաջիկա անելիքների մասին խոսելով`Դ. Բուրքալթերն ասաց, որ Սերբիան հիմնական խաղացողներից է, որը կամուրջ է Եվրոպայի արևմտյան և արևելյան հատվածների միջև: Շվեյցարիայի ԱԳ նախարարն իրենց կարգախոսն այսպես բնութագրեց. «Մեր նպատակն է ստեղծել անվտանգության հանրույթ ի շահ բոլորի»: Նա թվարկեց այն երեք արժեքները, որոնցով առաջնորդվում են` անվտանգություն, պատասխանատվություն և ազատություն: Տարածաշրջանային առաջնահերթությունների շարքում Շվեյցարիայի ԱԳ նախարարը շեշտեց Հարավային Կովկասում քաղաքական երկխոսության ստեղծման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ մեծապես աջակցելու են Մինսկի խմբի աշխատանքներին, օգնելու նրանց նոր գաղափարներով մտածել հակամարտությունների կարգավորման հարցում:

Նաև շեշտեց Հարավային Կովկասում ռազմական թափանցիկության ապահովման, սպառազինության վերահսկողության, անվտանգության համակարգում կառավարման բարեփոխումների անհրաժեշտությունը: .Շվեյցարիան իր նախագահության տարվա ընթացքում ծրագրում է կազմակերպել երիտասարդական ֆորում, ահաբեկչության դեմ պայքարին նվիրված քննարկում:

Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մրկիչը ևս շեշտեց այն, որ Շվեյցարիայի հետ աշխատելու են համատեղ աշխատանքային ծրագրով: Նա խոսեց «Հելսինկի+40» գործընթացի մասին ու նշեց. «Մեզ սպասվում են երկար և շատ հավանական է թեժ քննարկումներ մի շարք խնդրահարույց թեմաների շուրջ, ինչպիսիք են երկարաձգվող հակամարտությունները, նոր համազգային սպառնալիքներն ու մարտահրավերները, սպառազինությունների վերահսկողությունը, մարդու իրավունքները: Եվ սրանք ընդամենը մի քանիսն են»: Նա կարևորեց Բալկաններում տարածաշրջանում շարունակական անվտանգության և կայունության ապահովումը: Այս համատեքստում առաջ քաշեց Կոսովոյի հարցը` փաստելով, թե այս հիմնախնդրում դեռ գոյություն ունեն չլուծված խնդիրներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031