Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջին մասնագիտական կրթությունը դարձել է աշխատանքի տեղավորման լուրջ երաշխիք». Ա. Աշոտյան

Հուլիս 02,2013 15:20

«2010-2011թթ. ՆՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների աշխատաշուկայում ներգրավվածության հետազոտության արդյունքում, պարզ է դարձել, որ քոլեջների շրջանավարտների մոտ 55 տոկոսը նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ ավարտելուց հետո աշխատանք է գտնում` աշխատանք փնտրելու 6-ամսյա շրջանում»,-այսօր այս մասին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Ձմեռային պարտեզ» սրահում «Աշխատաշուկայում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին» հետազոտության արդյունքներին անդրադառնալով ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար տկն. Սոֆի Կեմխաձեն:

Sofi KemxadzeՎերջինիս փոխանցմամբ` հարցմանը մասնակցել են 651 շրջանավարտներ, 25 ուսումնարաններ, 60 քոլեջներ, ինչպես նաև Հայաստանի 400 խոշորագույն գործատուներ:

«Ուսումնասիրությունը տրամադրել է նաև տեղեկատվություն շրջանավարտների գենդերային և սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս գնահատելու աղքատության նվազման միտումները»,-ասաց Կեմխաձեն, հավելելով, որ ՄԱԶԾ-ն շուրջ յոթ տարի է, ինչ ակտիվորեն ներգրավված է Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար պրն. Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ դեռ տարիներ առաջ նախնական և միջին մասնագիտական կրթական ոլորտը գերակա է ճանաչվել կառավարության կողմից, որի արդյունքում իրականացվել են մի շարք բարեփոխումներ. «Այսօրվա հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բարեփոխումներն իրենց շոշափելի արդյունքն են տալիս: Մասնագիտական կրթության ոլորտում վերացվել են ընդունելության քննությունները և ուսանողները հնարավորություն ունեն ատեստատի միջին գնահատականով ընդունվել իրենց նախընտրած մասնագիտությունների գծով, ինչպես նաև ծնողները ավելի բծախնդիր են դարձել և մասնագիտական կրթությունն ավելի պահանջելի է դարձել, որտեղ լինում են անգամ մրցութային իրավիճակներ` շնորհիվ այն հանգամանքի, որ կառավարությունը 50 տոկոսով ավելացրեց անվճար տեղերի քանակը: Երրորդ հանգամանքը, որ ակնհայտ դարձավ հետազոտության արդյունքներից`միջին մասնագիտական կրթությունը դարձել է աշխատանքի տեղավորման լուրջ երաշխիք»,-ասաց նախարարը:

Աշոտյանը նշեց, որ հետազոտության արդյունքներում ակնհայտ են դարձել նաև խնդիրները. «Հիմնական խնդիրները կապված են ուսանողների սոցիալական վիճակի հետ: Ցանկալի է, որպեսզի մենք մոտ ապագայում կարողանանք շարունակել աշխատանքները՝ հանրակացարանների բարելավման, ուսանողների սոցիալական տարաբնույթ ծառայությունների մատուցման ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է գործատուների պահանջներին, ապա նախարարն ասաց. «Ցավոք, ոչ բոլոր գործատուներն են Հայաստանում այսօր պատրաստ կրթությունը դիտարկել որպես ներդրումային շահեկան ոլորտ, և մենք այդ մշակույթը ամբողջությամբ կայացած Հայաստանում համարել չենք կարող»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031