Ամռան շոգին դիմանալու ավելի լավ միջոց, քան ջրային տարածքներում հանգստի կազմակերպումն է, հավանաբար չկա: Երեխաները, հատկապես, շատ են սիրում ամռանը լողալ ջրավազաններում ու ապահովել իրենց զով հանգիստն ու ինչո՞ւ չէ նաև ժամանցը: Սակայն պետք է հիշել, որ վերջինս ոչ միշտ է անվնաս ու օգտակար:
40-ամյա տիկին Ռիման թույլ չի տալիս իր երեխաներին լողալ ջրավազաններում. «Ի՞նչ գիտես՝ ի՞նչ ջուր է, ՞երբ է թարմացվել, միգուցե հիվանդ երեխաներ կամ որ ավելի վատ է, շներ են մտել այդ ջուրը, ինչպե՞ս կարող եմ թույլ տալ տղաներիս լողալ այդտեղ», – ասում է նա: Ճիշտ է, երեխաները նեղանում են, երբ արգելում է լողալ, սակայն կարծում է՝ ավելի լավ է նեղանան, քան հիվանդություն ձեռք բերեն: Ամռան տապին նա ինքն էլ է մի կերպ դիմանում. «Հանգստի գոտիներում պայմաններն այնքան թանկ են, որ չեմ կարողանում անգամ երեխաներիս ուղարկել ծով, կամ մեկ այլ տեղ հանգստանալու, ուր մնաց՝ ես գնամ, – ասում է նա, – նրանք էլ ուզում են գոնե ջրավազաններում լողալ, դա էլ ես թույլ չեմ տալիս, ու այսպես մի կերպ դիմանում ենք շոգին»:
Դեկորատիվ ջրավազաններում լողալն իսկապես սխալ է, դա է փաստում նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը: Նրա խոսքով՝ ջրավազանները նախատեսված են շոգ եղանակին որոշակի միկրոկլիմա ստեղծելու համար և չունեն լողավազանի կառուցվածք և սանիտարահիգիենիկ պայմաններ. «Դեկորատիվ ջրավազաններում լողալը կարող է նաև մաշկային հիվանդությունների պատճառ դառնալ, ջրի կուլ տալու դեպքում նաև աղիքային հիվանդություններ կարող են առաջանալ», – նշեց Ա. Պետիկյանը:
«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն էլ հավելեց, որ Հայաստանը կիսաանապատային երկիր է, պետք է քաղաքային իշխանությունները քաղաքի տարբեր հատվածներում լողավազաններ կառուցեն, բայց նաև վերահսկողություն իրականացնեն և պարբերաբար ախտահանեն, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան լողալու. «Ինչո՞ւ զրկել երեխաներին դրանից», – ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Տիգրանուհի Թասլակյան
Լուսանկարը՝ Armenpress-ի