«Վարչապետը հայտարարում է, որ «Սպայկա» ընկերությանը պետք է օգնություն ցուցաբերել, բայց եղբայր, նախ պետք է հրդեհը մարել, հետո որոշել, թե որքան օգնել, եւ այս ամենը այն դեպքում, երբ այսօր մեր ազատամարտիկ ընկերներից մեկը երկու որդիների հետ դրսում է քնում, որովհետեւ տունը քանդվում է, շատերը բնակարան չունեն ու ոչ մեկի պետքն էլ չի…»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ժուռնալիստների տանը ասաց «Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը:
Նա խոսելով «Արմավիայի» մասին, հավելեց, որ այդ առիթով մի շարք հայտարարություններ արվեցին, այնքան շատ, որ բարձրացրած աղմուկը պետական գործընթաց սարքեցին. «Մենք` ազատամարտիկներով քիչ էր մնում մարդա հիսուն դրամ հավաքեինք ու Բաղդասարովին օգնեինք, ու այս աղմուկն այն դեպքում էր, երբ այդ մարդն իր համար քաղաքում թիկնապահներով հանգիստ զբոսնում էր»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ