Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությունը ՎՊ-ից դժգոհելու բան չունի (Տեսանյութ)

Հուլիս 02,2013 14:42

Վտանգավոր թափոնների կառավարման մասով Վերահսկիչ պալատի արձանագրած թերացումների հետ բնապահպանության նախարարությունը համամիտ է` սակայն այս գերատեսչության  պատասխանատուները հավաստիացնում են, որ բացերը օրենքում են: Այսօր կառավարությունում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրեց, թե ՎՊ-ի հայտնած դժգոհությունն ինչումն է կայանում: Նախարար Արամ Հարությունյանն արձակուրդում էր:
Այս օրերին գերատեսչությունների ղեկավարները մեկը մյուսի հետեւից հանդես են գալիս պարզաբանումներով, այն բանից հետո, երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, օրերս, որոշ հարցերում ՎՊ-ին «սխալ հանեց»: «Բնապահպանության նախարարությունում, իսկապես, այսօր խնդիր է թափոնների կառավարման հարցը: ՎՊ-ն գտել էր, որ թափոնների մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարել եւ հստակեցնել մշակում եւ պահում կարգը»,-պարզաբանեց պարոն Պապյանը: Ըստ նրա, թափոնների դասակարգման մասով հստակ ամրագրված է, որ շինարարական, արտադրական եւ կենցաղային աղբը հանդիսանում է վտանգավոր թափոն, սակայն փոխնախարարի խոսքերով, օրենքում փոփոխություններ կատարելու կարիք կա, քանի որ հենց այդ օրենսդրական բացերի պատճառով պատշաճ կերպով չի հավաքագրվում  կենցաղային աղբի բնապահպանական վճարները:

Բնապահպանության համար խնդիր է նաեւ չորրորդ դասի թափոն հանդիսացող կենցաղային աղբի չտեսակավորված լինելը: Տեսակավորումն, ըստ փոխնախարարի, ենթակա է լիցենզավորման: Գումարային չարաշահումներ ՎՊ-ն չի արձանագրել, ինչպես պարոն Պապյանն է նշում, իրենց`  բյուջեից թափոնների կառավարման համար տարեկան հատկացվող 11 միլիոն դրամը ծախսում են արդյունավետ:

Նուբարաշենի աղբանոցից ազատվելու միակ ելքը, Սիմոն Պապյանի կարծիքով, ճապոնական աղբամշակմամբ զբաղվող ընկերության կողմից աղբանոցը տնօրինելն է, որը հետաքրքրված է աղբանոցից արտազատվող ջերմոցային գազերի բիզնեսով:

Հարցին, ատկատ կա՞ ոլորտում, փոխնախարարը պատասխանեց, որ իրենց բոլոր ծրագրերը թափանցիկ են եւ հիմնական միջոցները, որոնք ուղղվում են Սեւանի խնդիրներին, ձկնային պաշարների համալրմանը, ատկատների չեն ենթարկվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031